ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ 05.05.2016թ. ՀՀ կառավարության հերթական նիստին ընդունվել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աջակության տրամադրման կարգը և չափերը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Որոշման համաձայն սահմանվել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը:
Որոշումը՝
· կնպաստի մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտի օրենսդրության և օրենքների առավել արդյունավետ կիրառմանը.
· կբարելավի թրաֆիքինգի հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի աջակցության գործընթացները.
· կկանոնակարգի թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց աջակցության և պաշտպանության ընթացակարգերը.
· հիմքեր կստեղծի հասարակության մեջ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց արդյունավետ սոցիալական ինտեգրման համար:
Նախագծով նախատեսված հիմնախնդիրն առնչվում է թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց աջակցության կազմակերպման հետ կապված հարցերին: Այն կնպաստի մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեպքերի կանխմանը, թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում իրավական, կազմակերպչական և ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը, որը հնարավորություն կտա իրականացնել ոլորտի պետական քաղաքականությունը միջազգային նորմերին համահունչ: