Զարուհի Փոստանջյանը վստահ է՝ Արցախը ճանաչելով կանխվելու են բավականին խնդիրներ

Մենք հույսները պետք է դնենք ինքներս մեզ վրա: Ասում է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա՝ միայն այս ճանապարհով Հայաստանը կարող է ունենալ հուսալի գործընկերներ ու այլընտրանքներ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց. «Եթե ագրեսիա է կիրառվում, եթե մարդկության դեմ տեղի է ունենում հանցագործություններ, ապա խոսել բանակցություններից ուղղակի ծաղր է ողջ մարդկության նկատմամբ»:

Պատգամավորի կարծիքով՝ դեռ 25 տարի առաջ Արցախը անցել է բոլոր օրինական կարգերով և հայտարարել է ինքնորոշման իրավունքի մասին. «Հետևաբար Արցախը, 25 տարի լինելով այս տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովողը, պետք է նաև ունենա միջազգային իրավունքի սուբյեկտ լինելու հնարավորություն, որի միջոցով կանխվելու է ապագայում և՛ պատերազմը, և՛ մարդկության դեմ կատարվող սպասելի գործողությունները, ագրեսորների կողմից»,- նշեց պատգամավորը:

Լրագրողների հետ զրույցում նա նաև ասաց, որ Արցախի ճանաչմամբ կանխվում են բավականին խնդիրներ. «Մինչ այս մենք թույլ իրավիճակում ենք եղել: Ճանաչմամբ դառնալու ենք աշխարհում քաղաքական գործոն և այդ քաղաքական գործոնի հետ բանակցում են ու այն ուժային դիրքերից է կարողանում հանդես գալ»,- փոխանցեց տիկին Փոստանջյանը:

Նա կարծում է, որ ճանաչումը քաղաքական հայտ է՝ հայ ժողովրդի ու հայոց պետականության, որի հետ պետք է հաշվի նստի միջազգային հանրությունը: Փոստանջյանի վստահմամբ, այն ինչ եղավ Արցախում քառօրյա պատերազմի ժամանակ, այսինքն՝ ադրբեջանական ագրեսիան, համապատասխան ձևով չդատապարտվեց միջազգային մակարդակում, ուստի մենք այլընտրանք չունենք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել