Սեպտեմբերի 20-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո կազմակերպված Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի բացման արարողությանը: Համաժողովին մասկացում էին շուրջ 47 երկրների խորհրդարանների ղեկավարներ: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: Հայտնում է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական կայքը:
Նույն օրը Աժ նախագահ Հովիկ Աբրահամայնը երկկողմ հանդիպումներ ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի եւ ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական համագործակցությանը, միջխորհրդարանական կապերին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Գերմանիայի հետ գործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ հայ-գերմանական միջխորհրդարանական հարաբերությունները բավական ակտիվ են զարգանում, ինչի վառ վկայությունն է խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերը: Նրա համոզմամբ` միջխորհրդարանական համագործակցության զարգացումը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը առաջ մղելու կարեւոր լծակ է: ԱԺ նախագահը կարեւորեց փոխգործակցության հետագա զարգացումը տնտեսության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Անհրաժեշտ համարվեց համագործակցությունը միջազգային կառույցներում:
Անդրադառնալով Հունգարիայի իշխանությունների կողմից Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու փաստին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հունգարա-ադրբեջանական գործարքը կարող է բացասաբար ազդել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային ողջ գործընթացի, այլեւ տարածաշրջանի խաղաղության, կայունության եւ անվտանգության վրա: Նրա խոսքով` միջազգային հանրությունը համարժեք արձագանք տվեց այդ փաստին: Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ եթե նման արարքները ժամանակին չդատապարտվեն եւ կոնկրետ քայլեր չիրականացվեն, ապա կարող են կրկնվել:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթը նույնպես կարեւորեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական կապերի ամրապնդումը: Նա շեշտեց, որ Գերմանիան կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացումը տարբեր ուղղություններով: Անդրադառնալով սաֆարովյան դեպքին` Բունդեսթագի նախագահն անթույլատրելի համարեց Ադրբեջանի իշխանությունների կողմից Սաֆարովին արդարացնելը եւ ազատ արձակելը: Նրա համոզմամբ` Եվրոպայում եւ աշխարհում չի կարող գտնվել մի երկիր եւ միջազգային կազմակերպություն, որ անընդունելի եւ դատապարտելի չհամարի այդ փաստը:
Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, երկուստեք կարեւորվեց Բունդեսթագի կողմից հովանավորվող Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը, որը Հայաստանի երիտասարդ սերնդի համար Գերմանիայի քաղաքական եւ տնտեսական համակարգին ծանոթանալու լավ հնարավորություն է ընձեռում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net