Կառավարությունը հաստատեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» օրենքի նա­խագիծը

ՀՀ կառավարության նիստին այսօր քննարկվեվ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» Հայաս­տանի Հան­րապետության օրենքի նա­խագծի վերաբերյալ Հա­յաստանի Հան­րապետության կառա­վա­­րու­թյան եզրակացության նա­խագիծը:

Այն ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նախագիծը մշակել են  Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:

Եզրակացության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նա­խագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաս­տա­նի Հան­րա­­­պետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հան­դես կգա Հա­­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը»:

Ըստ հիմնավորումների՝ օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին: Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների` Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու եւ ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար:

Նախագիծն այսօր ընդունվեց և ուղարկվեց Ազգային ժողով, որտեղ պարզ կդառնա խորհրդարանը ճանաչում է Արցախի Հանրապետությունը, թե ոչ:

Նախագծին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել