Ինչպես արդեն իսկ հայտնել ենք, ոստիկանությունը ձերբակալել է analitik.am լրատվական կայքի տնօրենին, նրա օգնականին և համանուն լրատվական ակումբի ղեկավարին: Ոստիկանության հաղորդմամբ, մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:
Այնուհետև, կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում նրանց միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը, նախապես պայմանավորված որևէ վայրում, մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին:
Մամուլում արդեն իսկ տեղեկություններ են հրապարկվել, որ շորթման զոհ դարձած պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է, իսկ «Անալիտիկ» լրատվամիջոցի հովանավորը ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն է: Սակայն Իրավաբան.net-ի հետ զրույցում նա հերքեց իր կապը հանցագործության հետ.
«Դա զրպարտություն է: Ավելին, քանի որ խոսքը հանցագործության մասին է, ապա ես դա համարում եմ սուտ մատնություն իմ դեմ»,- ասաց Ա. Բաբայանը: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ իր պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկելու համար, պատասպանեց, որ այս պահին դեռևս չի որոշել: