Ադրբեջանական կողմը կրակահերթ է բացել Տավուշի ուղղությամբ. ՊՆ

Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում արևելյան (Մարտունու) ուղղությամբ մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Աշոտ Շավարշի Զոհրաբյանը (ծնվ. 1991թ.):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել