2016թ. ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը խոցել է ադրբեջանական ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻ-24G հարվածային ուղղաթիռը, որը ռազմական թռիչք էր իրականացնում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ: Խոցված ուղղաթիռի անկման վայրից առգրավվել են.
– թռիչքային քարտեզներ,
– օդաչուի պլանշետը,
– գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգը,
– ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետրը,
– УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան,
– АРК-У2 տիպի ռադիոկողմնացույց,
– САРПП-12 տիպի չվերթի տվյալները ձայնագրող սարք՝ ձայներիզներով,
– սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս,
– 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր,
– օպտիկա-էլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով:
Առգրավված գույքի (թռիչքային փաստաթղթեր) տվյալների վերլուծության համաձայն՝ պարզ է դարձել, որ 2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցված ՄԻ-24G ուղղաթիռը էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանից իրականացրել է թռիչք դեպի «Ժդանովսկ» օդանավակայան՝ «Քյուրդամիր» օդանավակայանում տարանցիկ վայրէջք կատարելով:
Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված երթուղին և դրված թիրախները վկայում են, որ անձնակազմին խնդիր էր դրված ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու համար:
Թռիչքային քարտեզի համաձայն՝ մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելու համար պատրաստված էր ցատկահրապարակ:
Լյալյա-Իլյագի լեռան շրջանում ցանցի միջոցով ցուցադրված է ռազմական ավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավոր ուղղությունը:
Խոցված ուղղաթիռի թռիչքի ընդհանուր տևողությունը կազմում է շուրջ 30 ժամ:
Օբյեկտիվ վերահսկողության տվյալ ձայներիզում մատնանշված է երեք առանձին թռիչքների կատարում, այդ թվում նաև՝ վերջին թռիչքի կատարումը:
Տվյալ տեղեկատվությունը ԼՂՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, որպեսզի դրա հետ ծանոթանան Երևանում հավատարմագրված օտարերկրյա երկրների ռազմական կցորդները:
ԼՂՀ ՀՕՊ ուժերի ռադիոտեղորոշման հետախուզության տվյալների համաձայն՝ 4-օրյա ագրեսիայի ընթացքում արձանագրվել է Ադրբեջանի զինուժի մինչև 60 ուղղաթիռային թռիչք, որից 40-ի դեպքում ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվել են տարբեր տիպի զինատեսակներ, որը հաստատվում է ՄԻ-24G ուղղաթիռի անկման վայրում գտնված ավիացիոն զինատեսակների, տեխնիկական գույքի, թռիչքային քարտեզների, օդաչուի նոթատետրի վերլուծությամբ, ինչպես նաև САРПП-12 տիպի ժապավենի վերծանմամբ:
Ադրբեջանական զինուժի գործողությունները, ինչպես նաև խոցված ՄԻ-24Գ ուղղաթիռից առգրավված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած 4-օրյա ռազմական ագրեսիան նախօրոք պլանավորված է եղել ադրբեջանական ղեկավարության կողմից:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն