ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ
Մամլո խոսնակի գրասենյակ
22 ապրիլի, 2016թ.
«Նախագահի հայտարարությունը Հայկական հիշատակի օրվա առիթով
Այսօր մենք լրջագույնս խորհրդածում ենք 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունների՝ Հայկական Մեծ Եղեռնի մասին, երբ Օսմանյան կայսրության վերջին օրերի տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին զոհ գնացին մեկ ու կես միլիոն հայեր:
Հիշատակի տուրք մատուցելով նրանց, ովքեր տառապել են 1915թ.-ին սկիզբ առած դժնդակ օրերին, պարտավորվելով դասեր քաղել այս ողբերգությունից, որպեսզի այն երբևիցե չկրկնվի՝ մենք նաև արժանին ենք մատուցում նրանց, ովքեր փորձել են օգնության ձեռք մեկնել նրանց: Այդ անձանցից մեկն ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն էր, ով դեպքերի մասին ահազանգեց թե՚ ամերիկյան կառավարությանը, թե՚ օսմանյան առաջնորդներին՝ ջանալով կանգնեցնել բռնությունները: Մորգենթաուի նման մարդկանց ձայները շարունակում են էական նշանակություն ունենալ վայրագությունների կանխման առաքելությանը հետամուտ լինելու հարցում, իսկ նրա թողած ժառանգությունը հետագայում հիմք հանդիսացավ մարդու իրավունքների այնպիսի առաջամարտիկների գործունեության համար, ինչպիսին էր Ռաֆայել Լեմկինը, ով մեծ ներդրում ունեցավ ՄԱԿ-ում մարդու իրավունքների առաջին կոնվենցիայի ընդունման հարցում:
Սա նաև այն պահն է, երբ մենք գնահատում ենք հայ ժողովրդի ուշագրավ տոկունությունն ու ունեցած հսկայածավալ ներդրումը միջազգային հանրության, ինչպես նաև ամերիկյան հասարակության համար: Մենք հիշում ենք հազարավոր հայ փախստականներին, ովքեր տասնամյակներ առաջ նոր կյանք սկսեցին Միացյալ Նահանգներում՝ ձևավորելով մի համայնք, որը մեծապես զարգացրել է այս ազգի կենսունակությունը, հասել է ճանաչման ու աչքի է ընկել բազմաբնույթ ձեռքբերումներով: Հայաստանի հարավում տիրող տարածաշրջանային խառն իրավիճակի պահին՝ մենք նաև շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ժողովրդին սիրիական փախստականների առաջ դռները բացելու ու երկրում շուրջ 17.000 սիրիացու ընդունելու համար:
Անցյալից դեպի ապագա հայացք նետելով՝ մենք շարունակում ենք ընդգծել պատմական հիշողության կարևորությունը որպես կանխարգելման գործիք և փաստերի լիակատար, շիտակ ու արդարացի ճանաչման կոչ ենք անում, ինչը կբխի բոլոր առնչվող կողմերի շահերից: 1915թ. տեղի ունեցածի վերաբերյալ ես հետևողականորեն արտահայտել եմ իմ դիրքորոշումը, և այն չի փոխվել: Ես նաև տեսել եմ, որ ազգերն ու պետությունները ավելի ուժեղ են դառնում և հիմքեր են կերտում առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի համար, երբ ընդունում և առերեսվում են անցյալի ցավոտ դրվագների հետ: Մենք շարունակում ենք ողջունել կարծիքների արտահայտումը այն անձանց կողմից, ովքեր ջանում են նոր լույս սփռել անցյալի մութ էջերին՝ սկսած թուրք և հայ պատմաբաններից մինչև Հռոմի պապ Ֆրանցիսկոս:
Այսօր մենք աշխարհասփյուռ հայ ժողովրդի կողքին ենք՝ հիշելով Մեծ Եղեռնի արհավիրքները և վերահաստատելով ժողովրդավար, խաղաղ ու բարեկեցիկ Հայաստանի հանդեպ մեր շարունակական հանձնառությունը»: