Հատուկ քննչական ծառայությունից հաղորդում են, որ 2015 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ Միհրան Հ.-ն իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անչափահաս Նարեկ Գ.-ին և նրա առողջությանն անզգուշությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Այնուհետև նույն պաշտոնատար անձը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել է փախուստի:
Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net