Ինչպես արդեն իսկ հայտնել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու համար մեղադրանք է առաջադրվել 34-ամյա Հովհաննես Մուրադյանին: Քննչական կոմիտեից տեղեկացել էինք նաև, որ նրան կալանավորելու միջնորդություն նույնպես ներկայացվել է դատարան:
Իրավաբան.net-ի հարցին, թե արդյո՞ք Հովհաննես Մուրադյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը բավարարել է, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը պատասխանեց.
«Դատարանի որոշումը քննիչը ստացել է, ըստ որի, միջնորդությունը և բավարարվել է, և մերժվել։ Խնդիրն այն է, որ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին միջնորդության քննարկման վերաբերյալ դատարանի որոշումը խիստ հակասական ձեւակերպումներ է պարունակում։ Որոշման եզրափակիչ մասի համաձայն՝ միջնորդությունը մերժվել է, մինչդեռ նկարագրական մասում, դատարանը, ներկայացնելով իր իրավական դիրքորոշումը, գտել է, որ այն ենթակա է բավարարման։ Բացի այդ՝ դատարանը քննիչին տրամադրել է որոշման 3 օրինակ՝ ստորագրված եւ կնիքված, որոնք միմյանցից տարբերվում են ու վերլուծվում քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածներ, որոնցով Հ.Մուրադյանին մեղադրանք չի առաջադրվել։ Դատարանի այս հակասական որոշումները քննիչն ուղարկել է դատախազին՝ դրանց բողոքարկման հարցը քննարկելու համար»։
Նշենք, որ կալանքի միջնորդությունը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: