«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2016 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին նախագիծն այսօր հաստատվեց կառավարության կողմից:
ՓՄՁ-ի սուբյեկտներին ուղղված աջակցության ծրագրերը հիմնված են Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա և նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական ու գերակա ուղղություններից մեկն է: Այս առումով ՓՄՁ-ն իր առանձնահատկություններով ու զարգացմամբ ընձեռած հնարավորություններով այն անկյունաքարն է, որը նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա` ապահովելով զգալի սոցիալ-տնտեսական արդյունք և տարածքային համաչափ զարգացում: Այս մասին նշվում էր Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված նախագծում:
Ըստ նախագծի` 2015 թվականի ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ֆինանսական և տեխնիկական աջակցության ուղղություններով աջակցություն է ցուցաբերվել շուրջ 6050 գործող և սկսնակ ՓՄՁ սուբյեկտի` ապահովելով 13243 աջակցության թվաքանակ, մասնավորապես`
1) գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցության շրջանակներում. փաստացի` ցուցաբերվել է 12667 անգամ աջակցություն (նախատեսված էր` 8000-10000),
2) ֆինանսական և ներդրումային աջակցության շրջանակներում. փաստացի` աջակցություն է ցուցաբերվել 225 գործող և սկսնակ ՓՄՁ սուբյեկտի (նախատեսված էր` 150-200),
3) այլ աջակցության շրջանակներում. փաստացի` ցուցաբերվել է 351 անգամ աջակցություն (նախատեսված էր` 300):
Ընդ որում` աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտների 5.1%-ը գործում են Երևան քաղաքում, իսկ 94.9%-ը` ՀՀ մարզերում, առավելապես հեռավոր և սահմանամերձ գյուղական և քաղաքային համայնքներում:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից գործող և սկսնակ ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված աջակցության մարզային բաշխվածքը հետևյալն է. ՀՀ Արագածոտնի մարզում` 1239, ՀՀ Արարատի մարզում` 1237, ՀՀ Արմավիրի մարզում` 527, ՀՀ Գեղարքունիքի մարզում` 885, ՀՀ Լոռու մարզում` 2993, ՀՀ Կոտայքի մարզում` 1723, ՀՀ Շիրակի մարզում` 838, ՀՀ Սյունիքի մարզում` 630, ՀՀ Վայոց Ձորի մարզում` 1297, ՀՀ Տավուշի մարզում` 1150, Երևան քաղաքում` 675:
Իրավաբան.net