Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 15.04.2016թ. թիվ 119-Ա որոշմամբ փաստաբան Թամարա Յայլոյանի դիմումի հիման վրա փաստաբան Լուսինե Հովսեփի Սահակյանի (արտոնագիր թիվ 999) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժվել է՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքի բացակայության պատճառով: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են Փաստաբանների պալատից:
Ըստ աղբյուրի՝ 23.03.2016թ. փաստաբան Թամարա Յայլոյանը դիմելով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ հայտնել է, որ 22.03.2016թ. www.youtube.com կայքում տեղադրված տեսանյութում ցուցադրված է դատավարությունից հատված, որի 39.17 րոպեից մինչև 39.46 րոպեն ընկած ժամանակահատվածում տեսաձայնագրված է փաստաբան Լուսինե Սահակյանի և տվյալ գործով մեղադրողի խոսակցությունը, որի ընթացքում մեղադրողը վիրավորական արտահայտություններ է կատարել Թամարա Յայլոյանի հասցեին, իսկ փաստաբան Լուսինե Սահակյանը չի միջամտել և սաստել մեղադրողին:
ՓՊ-ից հիշեցնում են, որ հիմք ընդունելով Թամարա Յայլոյանի դիմումը՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին խնդրելով քննության առնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող թիվ ՇԴ/0072/01/15 քրեական գործով մեղադրող Գևորգ Գևորգյանի վերոնշյալ վարքագիծը։