Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը պարզաբանում է տարածել ընտրողների ցուցակների հետ կապված անճշտությունների մասով: Պարզաբանման մեջ ասվում է.
«2016 թվականի ապրիլի 17-ին մի շարք համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի Կարեն Հովսեփյանը հայտնել է, որ իր տան վրա գրանցված ոմն Օնիկ Գևորգի Բաղդասարյանը արդեն քվեարկել է, սակայն այդ մարդը իրականում իր տանը գրանցում չունի:
Օնիկ Գևորգի Բաղդասարյանը 15.06.1971թ.-ից հաշվառված է Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղի տուն 70 հասցեում: Մինչ 1988թ. երկրաշարժը նշված տարածքում մեկ ընդհանուր շինությունում եղել են երկու տարբեր տներ: Փլուզումից հետո Օնիկ Բաղդասարյանը վերը նշված հասցեում տեղադրել է ժամանակավոր տնակ-կացարան, որտեղ և բնակվում է մինչ օրս:
Մեկ այլ հրապարակման համաձայն ընտրողը եկել է քվեարկության և ընտրացուցակում նկատել, որ իրենց տան վրա գրանցված են 2 օտար անձիք, որոնցից մեկը արդեն քվեարկել էր: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ինչպես նախորդ, այնպես նաև այս ընտրություններին ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակվել են նախնական և վերջնական ցուցակները: Նշված հրապարակման հետ կապված ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը ճշգրտված տվյալներ տրամադրելու դեպքում իրականացնել ուսումնասիրություն»:
Իրավաբան.net