Քաղաքացուն տուգանել էին, բայց նա կալանավայրում էր. ինչպե՞ս դատարանը անվավեր ճանաչեց ՃՈ-ի տուգանքի ակտը

Ա.Ա.-ը  դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է անվավեր ճանաչել Ճանապարհային ոստիկանության տուգանքի որոշումը:

Հայդվորը դատարան ներկայացրած հայցադիմումով, հայտնել է, որ 2013 թվականի մայիսի 23-ին, ժամը` 22։35-ի դրությամբ գտնվել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, այդ իսկ պատճառով չէր կարող լինել նշված խախտումը կատարած մեքենայի վարորդը։

Տեղեկացրել է, որ բանտախցում այդ որոշումը չի ստացել, այլ 2015 թվականի ապրիլ ամսին ստացել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վճարման կարգադրությունը, որից հետո դիմել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը, բայց ապարդյուն։

Ի հիմնավորում պահանջի` դատարան է ներկայացրել որոշման պատճենը։

Դատարանում 10.06.2015 թվականին մուտքագրված դիմումով ՃՈ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ դատարանին է ներկայացրել Ծառայության տիրապետման տիրույթում գտնվող բոլոր ապացույցները և խնդրել է գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված ապացույցների շրջանակներում։

Վարչական տույժ նշանակելու մասին 17.07.2013 թվականի որոշմամբ հիմնավորվել է, որ Ա.Ա.-ը, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի քսանմեկերորդ մասի հիման վրա, 17.07.2013 թվականին ենթարկվել է 5.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի։

Իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի քսանմեկերորդ մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։

Ըստ դատարանի` տրանսպորտային միջոցն իրավաբանական անձի սեփականությունը հանդիսանալու դեպքում տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքերի միջոցով հայտնաբերված իրավախախտումների համար պատասխանատվությունը կրում է այն անձը, ում ամրացված է տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձը, եթե վերջիններս չեն ապացուցում, որ խախտումը կատարվել է այլ անձի կողմից։ Այսինքն` գործում է իրավախախտման համար պատասախանատվությունը տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձի կամ տրանսպորտային միջոցն ամրացված անձի կողմից կրելու կանխավարկածը, քանի դեռ վերջիններս չեն ապացուցել իրավախախտումն այլ անձի կողմից կատարելու փաստը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի առաջին մասով սահմանված` գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու պարտականության կատարման շրջանակներում, դատարանի կողմից ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին ուղղված գրությանն ի պատասխան, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետը դատարանին հայտնել է, որ Ա.Ա.-ը Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.10.2013 թվականի դատավճռով դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի առաջին մասով և 66-րդ հոդվածով` ազատազրկվելով 2 տարի ժամկետով, իսկ կալանքի սկիզբ է համարվել 07.05.2013 թվականը, սակայն նույն դատավճռով կիրառվել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 03.10.2013 թվականի որոշումը և Ա.Ա.-ն ազատվել է պատժի հետագա կրումից։

Վերոգրյալի հիման վրա դատարանն ապացուցված է համարում, որ ՃՈ-ի որոշմամբ արձանագրված խախտման պահին` 23.05.2013 թվականին, ժամը` 22։35-ին, Ա.Ա.-ը եղել է կալանավորված, հետևաբար` խախտումը կատարվել է այլ անձի, այլ ոչ թե` Ա.Ա.-ի կողմից, որպիսի պայմաններում վիճարկվող որոշմամբ արձանագրված իրավախախտումը կատարելու մեջ բացակայում է Հայցվորի մեղքը, իսկ մեղքի բացակայությունը` որպես զանցակազմի պարտադիր տարր, բացառում է զանցանքը։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է՝

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում։

Վերոգրյալ իրավական և փաստական հիմնավորումներով դատարանը գտնում է, որ ՃՈ-ի որոշումը ենթակա է անվավեր ճանաչման, քանի որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հիմնավորվել է, որ որոշմամբ արձանագրված իրավախախտումը կատարելու մեջ բացակայում է Ա.Ա.-ի մեղքը, այսինքն` իրավախախտումը նրա կողմից չի կատարվել։

Այսպիսով դատարանը վճռել է Ա.Ա.-ի հայցը բավարարել և անվավեր ճանաչել ՃՈ-ի տուգանքի որոշումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել