Պահանջում են զոհված զինվորների ընտանիքին տալ 30 հազար դոլար, աշխատանքից ազատել բարձրաստիճան պաշտոնյաների

Ապրիլի 22-ին նախատեսվում է պահանջատիրական երթ իրականացրել դեպի Բաղրամյան 26։ Այս մասին իրադարձություն է ստեղծվել ֆեյսբուք սոցիալական ցանցում, որին 11 ժամվա ընթացքում միացել են 200-ից ավելի մարդ, հետաքրքրվողների թիվը անցնում է 700-ը:

Իրադարձության էջում նշվում է.

«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հայ ազգի մեջ արթուն է պայքարի ու եղբայրության ոգին: Նաև շատերի համար ակնհայտ ընդգծվեցին շատ կարևոր երևույթներ՝ սկսած մեր բանակի թերզինվածությունից մինչև պաշտոնյաների անգործություն, ընդհուպ մինչև դավաճանական կեցվածքը:

Մյուս կողմից, մեր ժողովուրդը ապացուցեց, որ ինքը կարող է ինքնակազմակերպվել և խմբովի աջակցություն ցուցաբերել մեր բանակին ու մեր զինվորին: Մենք պահանջում ենք՝

1. Պետբյուջեից ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30,000 ԱՄՆ դոլարի չափով:

2. Աշխատանքից ազատել ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանին և Գլխավոր Շտաբի պետ Խաչատուրովին իրենց անգործության և իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է հայկական կողմի կորուստներին:

3. Աշխատանքից ազատել ԴԱՀԿ ծառայության պետին՝ պարտավորեցնելով նրան պետբյուջե փոխանցել Պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտը:

4. Ստորև նշված ցանկում ընդգրկված օլիգարխներից յուրաքանչյուրին պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 5 մլն ԱՄՆ դոլարի չափով գումար, այդ թվում՝ Սաշիկ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Ծառուկյան, Ռուբեն Հայրապետյան, Գագիկ Բեգլարյան, Մհեր Սեդրակյան, Սամվել Ալեքսանյան, Կճոյան, Գագին Բ կաթողիկոս, Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, Ռոբերտ Քոչարյան, Տիգրան Սարգսյան, Անդրանիկ Մանուկյան, Մայրապետյան, Արմեն Գևորգյան, Տարոն Մարգարյան, Վարդան Այվազյան, Աղվան Հովսեփյան, Ֆլեշի Բարսեղ (ազգանունը չգիտեմ), Նարեկ Սարգսյան, Հերմինե Նաղդալյան, Սուրիկ Խաչատրյան, Արթուր Ջավադյան և այլն (ընդհանուր 50 հոգի՝ 250 մլն ԱՄՆ դոլար):

5. Հավաքագրված դրամական միջոցները պետք է մուտքագրվեն պետբյուջեի հատուկ հաշվեհամարին և դրանց ծախսումը իրականացվի հանրային վերահսկողության ներքո: Այս հավաքագրված գումարի առնվազն կեսը պետք է ներդրվի պաշտպանական և բարձր տեխնոլոգիաների ֆոնդի մեջ, որը ծախսումները իրականացնելու մրցութային կարգով: Այս ֆոնը գումարներն ուղղելու է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ պաշտպանական համակարգեր մշակելուն:

Այս պահանջները սպառիչ չեն և կուզենանք լսել ողջամիտ այլ առաջարկություններ, հատկապես ՏՏ ոլորտի, ֆինանսական ոլորտի և ռազմական ոլորտի մասնագետների կողմից:

Շնորհակալություն:

Մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնություն»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել