ՀՀ փաստաբանների պալատի ակումբը օրերս Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ կազմակերպել էր «Զննման և խուզարկության հասկացությունները, դրանց կատարման մեխանիզմները, ինչպես նաև փաստաբանի նկատմամբ կիրառվող վերոհիշյալ գործողությունների իրավաչափությունը և միջոցները» թեմայով դասընթաց–քննարկում:
Այս մասին հաղորդում են ՓՊ-ից՝ հավելելով, որ դասընթացը վարել են ՀՊԳ ղեկավար Մելանյա Առուստամյանը և փաստաբան, հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը:
Քննարկման օրակարգում է եղել փաստաբանական համայնքին հետաքրքրող ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի, ՀՀ քննչական կոմիտեի (կենտրոնական մարմնի) և Հատուկ քննչական կոմիտեի վարչական տարածքներ մուտք գործելիս փաստաբանին խուզարկելու կամ նրա մոտ գտնվող իրերը զննելու, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության շենք մուտք գործող փաստաբաններին մանրակրկիտ ստուգման ենթարկելուն վերաբերող հարցեր:
Ներկաները փաստել են, որ խուզարկության տարրեր պարունակող ստուգումներ իրականացնելու իրավասություն վերոնշյալ գերատեսչություններին վերապահված չէ՝ արձանագրելով, որ ստուգում իրականացնողներն ուղղակի միջամտում են փաստաբանի կողմից իրականացվող փաստաբանական գործունեությանը, ինչն արգելված է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քննարկման առանցքում են եղել նաև ՀՀ Սահմանադրության և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ, որոնք հստակ սահմանում են խուզարկության կարգը, ինչպես նաև բացառությունները:
Ուշադրության առարկա է դարձել հատկապես «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասը, որի համաձայն. «Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:»
Ակումբի անդամները միակարծիք են եղել, որ օրենսդրական վերլուծությունը փաստում է, որ փաստաբանին՝ Հատուկ քննչական ծառայության շենք մուտք գործելիս անձնական խուզարկության ենթարկելու հնարավորությունն ուղղակիորեն պետք է սահմանված լինի օրենքով, ինչպես նաև օրենքով պետք է սահմանված լինի փաստաբանի անձնական խուզարկություն կատարելու ոստիկանի իրավասությունը:
Միաժամանակ բարձրաձայնվել է, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը փաստաբանին խուզարկելու կամ զննելու որևէ իրավական հիմք չի նախատեսում:
Անդամներից մեկի հավաստմամբ՝ այդ օրենքով ոստիկանը անձնական զննություն կատարելու իրավունք ունի, եթե անձը պահպանության ենթակա տարածքներ և օբյեկտներ ապօրինի է մուտք գործել: Հետևաբար, ոստիկանը օրինական հիմքերով ՀՀ քնչական կոմիտե կամ Հատուկ քննչական ծառայություն մուտք գործող փաստաբանին խուզարկելու կամ անձնական զննություն կատարելու հիմքեր չունի:
Դասընթացավար Մելանյա Առուստամյանն ընդգծել է, որ Դատական օրենսգիրքը չի նախատեսում դատական կարգադրիչի խուզարկություն իրականացնելու իրավունք: Նա նշել է նաև, որ «Փաստաբանության մասին»ՀՀ օրենքը չի նախատեսում փաստաբանին անձնական զննության ենթարկելու ո՛չ արգելք, ո՛չ էլ՝ իրավական հնարավորություն:
Ակումբի նիստում արձանագրվել է, որ օրենսդրությամբ փաստաբանին խուզարկելու կամ անձնական զննության ենթարկելու իրավական հիմքեր չկան և նույնիսկ առկա է իրավական արգելք փաստաբանին անձնական զննության ենթարկելու, երբ նա կատարում է մասնագիտական գործունեություն: Փաստաբանին կամ ցանկացած անձի խուզարկելու կամ անձնական զննության ենթարկելու հիմքերն ու կարգը չի կարող նախատեսվել ենթաօրենսդրական ակտերով, քանի որ դրանք հարկադրանքի միջոցներ են, իսկ ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը:
Տվյալ պարագայում անհրաժեշտ է հստակ տարանջատել զննումը խուզարկությունից: Այսպես՝
Իրավական ակտերով դրանց առանձին հասկացություններ սահմանված չեն: Տեսության մեջ խուզարկությունը զննությունից տարանջատվում է խուզարկողի ակտիվ որոնողական գործողություններով: Այսինքն, ամեն դեպքում խուզարկողը խուզարկվողի կամքին հակառակ մտնում է խուզարկվողի գրպանները, ինքնուրույն բացում է նրա պայուսակը, ձեռքերով որոնում կատարում պայուսակի մեջ և այլն:
Մինչդեռ, զննման դեպքում զննողը առաջարկում է զննվողին ինքնուրույն իր կամքով հանել գրպանների պարունակությունը, բացել պայուսակը, ընդ որում եթե զննվողը չանի, զննողն իրավունք չունի դա կատարել:
Ակումբի անդամներն արձանագրել են նաև, որ փաստաբանին խուզարկության ենթարկելը նսեմացնում է փաստաբանի դերն ու հեղինակությունը, մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս խոչընդոտ է հանդիսանում:
Քննարկումների արդյունքում որոշվել է դիմել ՀՀ փաստաբանների պալատի նախագահին՝ համապատասխան մարմիններին դիմելու խնդրանքով: