ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի գրության հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) Շիրակի մարզային վարչության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ ԴԱՀԿ Շիրակի մարզային վարչության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը, ոչ պատշաճ կատարելով իր պարտականությունները, 2015 թվականի ընթացքում Շիրակի մարզային բաժնի դրամարկղ փաստացի մուտքագրված ու ելքագրված գումարների վերաբերյալ ԴԱՀԿ ապահովող ծառայության դրամարկղի և դեպոզիտ հաշվի վարման էլեկտրոնային հաշվետվության ծրագրում մուտքագրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որի հետևանքով էական վնաս է պատճառվել հիշյալ ծառայության օրինական շահերին:
ԴԱՀԿ Շիրակի մարզային վարչության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: