Ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանցիները սկսել են հարձակում, հարձակվել են մեծ ուժերում, անգամ ծանր տեխնիկայով: Սերժանտ Ադամ Սահակյանը սկզբում իր դասակի հետ կռիվ է տվել հակառակորդի դեմ, այնուհետև բոլոր տղերքին հետ է ուղարկել:
Այս մասին այսօր հերոսի հոգեհանգստի արարողության ընթացքում պատմեցին Ադամի երկու հարևանները` խնդրելով իրենց անունները չհրապարակել:
Նրանց խոսքերով` Ադամը բոլոր զինվորներին ետ է ուղարկել` ասելով, որ դիրքերը կպահի, քանի նրանք նահանջում են ու դիրքավորվում և մենակ անհավասար կռվի մեջ մտել, ընդ որում` նա նկատել է, որ իր վրա է գալիս ծանր տեխնիկա` տանկեր, անգամ այս հանգամանքը, հարևանների խոսքերով, չի վախեցրել Ադամին:
Մեր զրուցակիցները փոխանցեցին, որ Ադամի երկու զինակից ընկերները ողջ են մնացել:
Ադամ Սահակյանը խելացի տղա էր, նա սովորում էր Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանում, նա զոհվեց 20 տարեկան հասակում:
Գևորգ Թոսունյան