Երևանում 21-ամյա երիտասարդի են դանակահարել. հանգամանքները պարզ են

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի  քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ապրիլի 8-ին Երևանում 21-ամյա երիտասարդի դանակահարության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

2016թ.-ի ապրիլի 08-ին` ժամը 14:10-ին, Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-պատռված թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1995թ.-ին ծնված Ազատ Աբրահամյանը: Ժամեր անց երիտասարդն առանց գիտակցության գալու հիվանդանոցում մահացել է:

Քննությամբ պարզվել է, որ Ա.Աբրահամյանին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքը պատճառվել է 2016 թվականի ապրիլի 08-ին` ԵՊՀ-ին հարող տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, տվյալներ ձեռք բերվել վիճաբանության մասնակիցների վերաբերյալ:

Ապրիլի 9-ի վաղ առավոտյան ինքնակամ ներկայացել է Գեղարքունիքի մարզի 24-ամյա բնակիչ Գ.Սարգսյանը և ցուցմունք տվել դեպքի շուրջ: Վերջինս ձերբակալվել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել բազմաթիվ վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել