«Շատ դեպքերում մենք մեզ խաբում ենք: Ասում ենք` պետությունը կտրուկ փոխվել է, անցել է կոռուպցիոն հարցերի վեր հանմանը: Ոչ թե կտրուկ փոխվել է, այլ միջազգային ստուգումներն են մոտեցել: Եկել է մոնիթորինգի (մշտադիտարկում) ժամանակը»,- համոզված է իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Մարգարյանը:
ՇՊԱԿ-ների ազգային ցանցը և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կազմակերպել էին քառօրյա վերապատրաստման սեմինար «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի փաստաբանների համար:
Դասընթացավար Աննա Մարգարյանի կարծիքով` Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում շատ դանդաղ քայլերով է առաջ ընթանում: «Մի բան է կատարված փոփոխությունը, լրիվ այլ` կատարված փոփոխության գնահատականը: Եթե խոսում ենք հասարակության անդամի տեսանկյունից, հասարակության անդամը դեռ գոհունակություն հայտնել չի կարող: Բայց որ քայլեր արվել են, դրական տեղաշարժեր երևում են, անհերքելի է»:
«ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի մարդկային ռեսուրսների պատասխանատու, փաստաբան Կարեն Քոչարյանը վերապարաստման դասընթացն արդյունավետ է համարում. «Սեմինարի ընթացքում մեր կողմից քննարկվել է ՀՀ կողմից վավերացված Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային ակտերը: Սեմինարավարը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված կոռուպցիայի դեմ պայքարի բոլոր իրավական ակտերին յուրահատուկ մոտեցումով մեկնաբանություն է տվել, որը մեր կողմից միանաշանակ կօգտագործվի»:
Iravaban.net-ի հարցին`«Քրեական օրենսգրքում» ապօրինի հարստացման մասին նորմի սահմանումն ի˚նչ կտա Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում, իրավաբան- փորձագետ Աննա Մարգարյանը նշեց.«Հայաատանի Հանրապետությունը վերապահում ունի «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիային»: Մեր պետությունը նման պարտականություն չի ստանձնել` քրեական պատասխանատվություն սահմանել ապօրինի հարստացման համար: Ժամանակի խնդիր է դրա սահմանումը: Սա միայն Հայաստանի Հանրապետության խնդիրը չէ, քանի որ կան բազմաթիվ երկրներ, որոնք դեռ պատրաստ չեն քրեական պատասխանատվության սահմանմանը: Բացի այդ, միայն սահմանումը չէ կարևոր: Կա նաև կիրառման ընթացակարգ: Ի˚նչ իմաստ ունի սահմանել նորմ, եթե դեռևս չեն պատկերացնում` ի˚նչ մեխանիզմով պետք է իրականացվի դրա դեմ պայքարը»:
Հ.Գ.«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.12 հոդվածի 2-րդ կետը փաստաբանին պարտադրում է անցնել փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով և ժամաքանակով վերապատրաստման դասընթացներ: Դրանք չեն կարող երկու տարվա ընթացքում 48 ժամից պակաս լինել:
Նունե Հովսեփյան