Մարտի 31-ի վաղ առավոտյան մայրաքաղաքի Չարենցի փողոցում կրակոցներ հնչեցին: Իրավիճակն արտակարգ էր. գետնին ընկած վիրավոր, դեպքի վայրից հեռացող ավտոմեքենա, շփոթահար անցորդներ: Եվ դժվար է ասել՝ ինչ ընթացք կունենար այս ամենը, եթե չմիջամտեր նույնպես աշխատանքի շտապող ոստիկանը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժին հաղորդումը ստացվեց ժամը 8-ն անց 10-ին. զանգահարել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Շմավոնյանը և հայտնել, որ Չարենցի փողոցում կրակոցներ են եղել, փողոցում վիրավոր կա, իրավախախտները հեռանում են «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, ուղևորներից մեկը զինված է:
Որոշումն արագ պիտի կայացվեր՝ օգնել վիրավորի՞ն, թե՞ հետապնդել իրավախախտներին: Նկատելով, որ քաղաքացիներն արդեն տուժողին օգնություն են ցուցաբերում, Շմավոնյանը սկսում է հետապնդել հեռացող «Օպելին»՝ միևնույն ժամանակ օժանդակ ուժեր կանչելով:
Եվս 10 րոպե, և ոստիկանության ՊՊԾ գնդի ու Կենտրոնականի բաժնի ծառայողների օգնությամբ Տիգրան Մեծ և Խանջյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին Երևանի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Դավիթ Հարությունյանը, 1988 թ. ծնված Երջանիկ Մարտիրոսյանը, 1992 թ. ծնված Լևոն Ադամյանը և «Օպելի» վարորդ, 1971 թ. Արթուր Աբրահամյանը:
Պարզվեց, որ Հարությունյանը, Մարտիրոսյանը և Ադամյանը ժամը 8-ի սահմաններում Չարենցի 5 հասցեի մոտ վիճաբանության մեջ են մտել ոմն Արմենի ու Գևորգի հետ: Այդ ընթացքում Հարությունյանը կրակոցներ է արձակել «Բայկալ» մակնիշի օդաճնշիչ ատրճանակից:
Ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Արմենի ու Գևորգի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն, որով կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները:
Սակայն մի հարցի պատասխան պետք է տրվի հենց հիմա՝ ինչ աստիճանի պետք է հասնի ցինիզմը, որ մարդը կրակի ծանրաբեռնված փողոցում, մարդկանց ու հատկապես երեխաների ներկայությամբ: Եվ այս հարցին պետք է պատասխանի հանրությո՛ւնը՝ նմանների հանդեպ անհանդուրժողականությամբ: Նույն վճռականությամբ, որով ոստիկանն է, անկախ տեղից, ժամանակից, այլևայլ հանգամանքներից, փակում այդ նույն հանրության անվտանգությանը ոտնձգողի ճանապարհը: