Հայտնի է, թե ով և ինչու է սուտ հաղորդում տվել «Զվարթնոց» օդանավակայանը պայթեցնելու վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու Երևան-Մոսկվա մեկնող թիվ 558 չվերթի ինքնաթիռը, «Զվարթնոց» օդանավակայանը պայթեցնելու վերաբերյալ սուտ հաղորդում ներկայացրած անձի ինքնությունը, դրդապատճառները։ Հայտնում են Քննչական կոմիտեից:

Հնարավոր ահաբեկչության մասին հաղորդումն ստացվել էր էլեկտրոնային փոստի միջոցով՝ մարտի 24-ին, «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային հասցեով։ ՀՀ իրավասու մարմինների կողմից պատշաճ իրականացված գործողությունների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ այն կեղծ է, և Երևանի քննչական վարչությունում հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով։ Քրեական գործով մշակվել է քննչական և օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների մասին պլան, և ձեռնարկվել բազմածավալ գործողություններ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված անհետաձգելի աշխատանքների արդյունքում պարզվել է, թե երբ, որ երկրի ինտերնետային օպերատորի օգտատիրոջ կողմից է ստեղծվել այն  էլեկտրոնային հասցեն, որից ուղարկվել է նամակը, և հետքերը քողարկելու ուղղությամբ ինչպիսի քայլեր են ձեռնարկվել։

Մասնավորապես՝ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ էլեկտրոնային հասցեն ստեղծել է ադրբեջանական օպերատորի IP հասցեից օգտված անձը, ով ինտերնետային ցանցին հասանելիություն է ձեռք բերել երրորդ երկրի սերվերի միջոցով (երկիրը պարզվել է)։ Պարզվել են նաև ադրբեջանական տվյալ IP հասցեի օգտատիրոջ իրականացրած մի շարք այլ գործողությունները, որից հետո դադարեցվել է երրորդ երկրի IP հասցեի միջոցով ինտերնետին համակցումը։

ՀՀ ԱԱԾ-ի հետ համատեղ շարունակվում են կատարվել ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ։

Քրեական գործով այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել