Պաշտոնական տեղեկագրում հրապարակվեց նոր օրենքը. ԵՏՄ-ից մեքենա ներկրողները ԱԱՀ չեն մուծի

Մարտի 27-ին տեղեկացրել ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը:

Այն արդեն այսօր հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում և վաղը ուժի մեջ կմտնի:

Այս փաթեթը ներկայացրել են ԱԺ որոշ հանրապետական պատգամավորներ, ինչպես նաև պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը և կառավարությունը:

Ըստ նախագծային փաթեթի` այս փոփոխությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ:

Նախագծի հեղինակների (մի քանի պատգամավորների և կառավարության) համոզմամբ` ԵՏՄ-–ն հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների եւ կապիտալի ազատ տեղաշարժ: Նշված սկզբունքն ամրագրված է նաեւ ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում:

Այս տեսանկյունից, Հայաստանի Հանրապետության տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկի գանձումը, ըստ հեղինակների, հակասում է այդ սկզբունքին, քանի որ ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունում հիշյալ ավտոմեքենաների համար արդեն իսկ ԱԱՀ-ն վճարված է:

Ուստի, նախագծով առաջարկվում է վերացնել այդ հակասությունը եւ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը չդիտարկել որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք:

Նախատեսվում է հետևյալ փոփոխությունները`

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ – 118 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3.1-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի «ավտոմեքենաներ» բառից հետո լրացնել «բացառությամբ` ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ավտոմեքենաների» բառերը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի 2-րդ պարբերությունից հանել «,կամ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ավտոմեքենաների մասով» բառերը:

Ի դեպ, եզրակացության մեջ շեշտվում է` Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ով չեն հարկվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ավտոմեքենաների ներմուծման գործարքները: Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել