ՎԴ/0017/05/16 դատական գործով անձը դիմել էր դատարան՝ խնդրելով հարգելի համարել բաց թողնված դատավարական ժամկետը: Դատարանը մերժել էր հայցը ընդունել վարույթ այն պատճառաբանությամբ, որ Azdarar.am կայքի հետ կապված վեճը տվյալ գործով ենթակա չէ քննության:
Վերաքննիչ դատարանը ներկայացված բողոքը բավարարել է և եզրահանգել «Այն դեպքում, երբ հայցվորի կողմից հայտարարվում է վարչական ակտի մասին ծանուցված չլինելու կամ այլ եղանակով տեղեկացված լինելու մասին, կամ ուշ տեղեկացված լինելու մասին, Դատարանը, ղեկավարվելով գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքով, պետք է պարզեր թե արդյոք վարչական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից պահպանվել է վարչական ակտը հասցեատիրոջը ուղարկելու օրենքով սահմանված պարտավորությունը, թե ոչ»:
Դատարանում հայցվորի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը մեզ փոխանցեց, որ վարչական ակտը կայացվել էր, սակայն անձը չէր ծանուցվել, այնուհետև ակտ հրապարակվել էր Azdarar.am կայքում, անցել էր մոտ մեկ տարի, ակտը ուղարկել էր ԴԱՀԿ, այդ ընթացքում անձն իմացել է ակտի մասին ու դիմել է Վարչական դատարան, որպեսզի ակտն անվավեր ճանաչվի՝ այդ հիմքերով. «Դատարանը չէր ընդունել վարույթ՝ նշելով, որ երկամսյա ժամկետն արդեն լրացել է, իսկ Azdarar.am-ի հետ կապված հարաբերությունները, Վարչական դատարանը, հղում կատարելով Արդարադատության նախարարությանը, նշել է, թե իր հետ կապ չունի ու այդ մասով քննություն չի իրականացնում»:
Վերաքննիչ դատարանը բեկանել է Վարչական դատարանի վճիռն ու գտել, որ Azdarar.am-ի մասով նույնպես պետք է դատարանը քննության առարկա դարձնի:
«Սա կարևոր է այնքանով, որ դատարան դիմելուց հետո երկամսյա ժամկետն անցնելիս դատարանները չեն ընդունում վարույթ հայցերը, իսկ վարույթ ընդունելը նշանակում է ակտը կասեցնել: Ստացվում է, որ երբ անձն ունի արգելքներ, հարկավոր է, որ դրանք կասեցվի, մինչև հարցի լուծումը, կարող է դիմել դատարան, հայտարարել, որ Azdarar.am-ի հետ կապված խնդիր, դատարանը պարտավոր է ընդունել վարույթ ու արգելանքները վերացնել: Այսինքն՝ բոլոր դեպքերում, երբ քաղաքացիները բարձրաձայնում են իրենց կողմից ծանուցված չլինելու փաստը, դատարանները պարտավոր են վարույթ ընդունել, իսկ նման դեպքերում կատարողական վարույթները կարճվում են»,- նշեց փաստաբանը:
Ինչ վերաբերում է կայքին, ապա այստեղ իրավական խնդիր է Դավիթ Ասատրյանը տեսնում. «Երբ մենք ուսումնասիրենք կայքը, ապա մենք կտեսնենք, որ այնտեղ չկա ակտերի հրապարակումներ, այլ կա հղումներ, այսինքն՝ ակտը հրապարակված չէ Azdarar.am-ում, դա է վիճարկում իմ վստահորդը, որ Azdarar.am-ում բոլոր ակտերը սխալ են հրապարակվում, չպետք է հղումները լինեն, բայց դա մեկ այլ գործ է ու մեկ այլ հնարավորություն: Այսինքն՝ այս գործով ստացվում է, որ եթե մեկ կամ երկու տարի ուժի մեջ մտած ակտեր կան ու մարդիկ գիտեն, որ չեն ծանոթացել, բայց արդեն արգելանքներ կան և այլն, կարող են դիմել դատարան, փաստը վկայակոչել, որ ազդարարի հետ խնդիր կա, իսկ դատարանը պարտավոր է վարույթ ընդունել ու կարճել արգելքների վարույթները, մինչև խնդրին լուծում չտրվի»,- նշեց նա: