Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով վճիռը:
Դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ դատարանը վճռել է նրան մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ դատապարտելով տուգանքի 450 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք դատավորի կազմից:
Հիշեցնենք՝ Վարդգես Գասպարին մեղադրվում էր ոստիկանության ներկայացուցիչների և դատավորի վիրավորելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա 2014թ. ապրիլի 7-ին Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում թիվ ՎԴ/9157/05/13 վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է հետևյալ վիրավորական արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիականեր եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավականա մարդասպաններին ընդհուպ մինչև Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարիա ինչ եք անում, թափթփուկներ,հանցագործներ», ապա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետևյալ վիրավորական արտահայտությունները `«Ձեր նման անարժանապատիվ և անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք և անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում» «Դուք ստոր և անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատարանի նկատմամբ: