ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 5/38 տեղամասային հանձնաժողովի նախագահ Արտակ Երեմյանը կեղծել է հիշյալ տեղամասի քվեարկության արդյունքները:
Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության՝ Ա. Երեմյանը, կողմնակից լինելով սահմանադրական փոփոխություններին և նպատակ ունենալով նպաստել դրանց ընդունմանը, քվեարկության իրական արդյունքները կեղծելու դիտավորությամբ, 2015թ. դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը նշված տեղամասում ձայներն ակնհայտ սխալ հաշվելու, քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված ընտրական փաստաթղթերն ու արձանագրություններն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու, ինչպես նաև մարման ենթակա քվեաթերթիկների հաշվին «Այո» քվեաթերթիկներն ավելացնելու եղանակով կեղծել է հանրաքվեի թիվ 5/38 տեղամասի քվեարկության արդյունքները: Ա. Երեմյանը կազմված արձանագրության կեղծված 4 օրինակներից մեկը ընտրական փաստաթղթերի հետ միասին փաթեթավորել է պարկում, մյուսը փակցրել է հիշյալ տեղամասի պատին, իսկ երկու օրինակներն ու գրանցամատյանը հանձնել է թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Հիշյալ հանցավոր արարքը կատարելու համար Արտակ Երեմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Նշվում է նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Հանրաքվեի գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2016 թվականի մարտի 29-ի դրությամբ հարուցվել և քննվել են 37 քրեական գործեր, որոնցից 11-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 15 քրեական գործ կարճվել է, 2 քրեական գործ կասեցվել է, 3 քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ 6 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: