Արդարացում Արագածոտնի մարզի դատարանում

Կ.Զ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկանալով, որ իր կնոջը պատկանող գեղեցկության սրահում ՀՀ ֆինանսների նախարարության Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի տեսուչներն իրականացնում են մի շարք փաստաթղթերի ստուգում, այդ աշխատանքները խոչընդոտելու նպատակով, դիտավորությամբ իր կնոջ ձեռքից վերցրել և պատռելու միջոցով վնասել է հանձնարարագրի 2 օրինակները, որի հետևանքով ԱՁ-ում ստուգումը չի իրականացվել:

Դատաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Կ.Զ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ այդ ժամանակ ինքը գտնվել է իրեն պատկանող ծաղկի սրահում, առանձնացրել է իրարից կատարված և չկատարված պատվերների վերաբերյալ գրառումներ պարունակող թղթերը: Գրառումներն ինքն է կատարած եղել` Ա4 ձևաչափի թղթերի վրա: Այդ ընթացքում կողքի սենյակից՝ վարսավիրանոցից, լսվել է տղամարդու ձայն, ով իրեն է կանչել: Ինքը կատարված պատվերների մասին նշում պարունակող 3 թե 4 թղթեր ձեռքին, գնացել է գեղեցկության սրահ, որտեղ տեսել է ՏՀՏ երկու աշխատակցի, ովքեր պարզաբանել են, որ եկել են` գեղեցկության սրահում ստուգում իրականացնելու համար: Բացի աշխատակիցներից սրահում եղել են երկու հաճախորդ, որից մեկն իր մորաքույրն է եղել, իսկ 3-րդ հաճախորդը դուրս գալուց է եղել սրահից: Կինը շարունակել է աշխատել վարսահարդարիչով, որի բարձր ձայնի պատճառով ՏՀՏ երկու աշխատակիցներից մեկն առաջարկել է դուրս գալ և դրսում խոսել, ինչին ինքը համաձայնել է: Դրսում նրանց միջև խոսակցություն է տեղի ունեցել, աշխատակիցներն իրեն հարցրել են, թե չգրանցված աշխատող կամ բազկաթոռ կա, ինքը պատասխանել է` ոչ, և հայտնել, որ աշխատում են օրենքով սահմանված կարգով, որևէ խախտում թույլ չեն տալիս: Մոտ 30 վայրկյան հետո կինը դուրս է եկել գեղեցկության սրահից: Ինքը դիմել է կնոջը և ասել, որ տղաներով զրուցում են, ինչու է դուրս եկել, գնա ներս և շարունակի աշխատանքը, նկատի ունենալով, որ այդ օրը ծանրաբեռնված են եղել աշխատանքներով` կապված վերջին զանգի պատվերների հետ, բացի այդ պետք է նաև մասնակցեին իր մորաքրոջ սկեսրոջ թաղման արարողությանը:

Սակայն տեսնելով, որ կինը չի կատարում իր պահանջը, այսինքն՝ իրեն արհամարհում է, կնոջ վրա զայրացել է ու ձեռքից վերցնելով թղթերը, պատռել է ու նետել աղբամանի մեջ, համոզված լինելով, որ դրանք իր ձեռքի սևագրերն են, քանի որ առաջին էջի վրա նկատել է իր գրառումները: Այդ թղթերը ենթակա են եղել ոչնչացման, քանի որ դրանցում նշված պատվերները կատարված են եղել: Այդ պահին կինն իրեն ասել է, որ պատռված թղթերի մեջ եղել են հանձնարարագրերը, ինչից և ինքը և ՏՀՏ աշխատակիցներն անակնկալի են եկել:

Ըստ դատարանի՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը ենթադրում է ապացույցների այնպիսի ամբողջության առկայություն, որն անհրաժեշտ է անձի մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կասկածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար: Անմեղության կանխավարկածը այս տեսանկյունից կարելի է համարել հաղթահարված, եթե ապացուցման առարկան կազմող հանգամանքները ապացուցված են անկասկած, այսինքն` այնպես ապացուցված, որ դրանց ճշտությունը խելամիտ մտորելու դեպքում չի կարող խելամիտ կասկածներ առաջացնել առկա ապացույցների բավարարությամբ հաստատված ճանաչելու դեպքում: Հակառակ դեպքում, եթե այդ հանգամանքները ապացուցված չեն անկասկած, անվերապահորեն, ապա չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալին մեկնաբանելու կանոնի կիրառմամբ պետք է ապացուցված համարել հակառակը: Եթե ողջամիտ օբյեկտիվ դիտորդի տեսանկյունից գործում առկա ապացույցները բավարար են անձի մեղավորության վերաբերյալ միանշանակ հետևություն անելու համար, ապա մեղադրանքը համարվում է ապացուցված:

Անդրադառնալով սույն գործին և վերոգրյալ չափանիշների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները դատարանն արձանագրում է, որ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հնարավոր չէ հետևություն անել Կ.Զ.-ին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության և օրինականության վերաբերյալ:

Դատարանը վերլուծելով և գնահատելով գործով ձեռք բերված ապացույցներն ամբողջության մեջ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, արձանագրում է, որ դրանք բավարար չեն անմեղության կանխավարկածը հաղթահարելու և մեղադրական դատավճիռ կայացնելու համար:

Դատարանի գնահատմամբ սույն գործով չի ձևավորվել վերաբերելի, թույլատրելի և հավաստի ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որպեսզի դրանք ապահովեն սույն գործի ճիշտ լուծման համար առանցքային նշանակություն ունեցող հանգամանքների, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կոնկրետ հանցանքի հատկանիշների, մասնավորապես սուբյեկտիվ կողմը կազմող հատկանիշների ապացուցվածության վերաբերյալ դատարանի հետևություննների արժանահավատությունը, այլ ոչ թե ենթադրությունը՝ ինչպես ներկայացված է մեղադրական եզրակացությունում:

Այլ կերպ ասած՝ սույն գործով ապացույցների անհրաժեշտ և բավարար համակցություն ձեռք չի բերվել, որպեսզի մեղադրանքի սուբյեկտիվ կողմը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք դատարանը համարի հաստատված այն խորությամբ և այն աստիճանի, որ կասկած չմնա դրանց ապացուցվածության վերաբերյալ և հերքի Կ.Զ.-ի կողմից ի պաշտպանություն բերվող փաստարկները, իսկ եղած ապացույցներով այդ հանգամանքների ապացուցվածությունը դատարանի մոտ խիստ կասկած են հարուցում: Այսինքն՝ առկա է չփարատված կասկած Կ.Զ.-ի կողմից իրեն մեղսագրված արարքը կատարելու հանգամանքների և մասնավորապես նրա մեղքի, շարժառիթի վերաբերյալ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ նրան:

Ի վերջո դատարանը՝ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ վճռել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչել և հռչակել Կ.Զ.-ի անմեղությունը` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին` վերացնել:

Մեղադրողը Վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն դատարանն այն մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատավճիռը:

Լուսանկարում՝ դատավոր Սերգեյ Մարաբյան

Պատրաստեց Գևորգ Թոսունյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել