Երեկ տեղեկացրել էինք, որ նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը:
Այս փաթեթը ներկայացրել են ԱԺ որոշ հանրապետական պատգամավորներ, ինչպես նաև պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը և կառավարությունը: Ի սկզբանե կառավարությունը դեմ է եղել այս նախագծին, քանի որ դրանից տուժում են պետական բյուջեի մուտքերը:
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ: ԵՏՄ-ն հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների և կապիտալի ազատ տեղաշարժ: Նշված սկզբունքն ամրագրված է նաև ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում: Այս տեսանկյունից, Հայաստանի Հանրապետության տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկի գանձումը, մեր կարծիքով, հակասում է այդ սկզբունքին, քանի որ ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունում հիշյալ ավտոմեքենաների համար արդեն իսկ ԱԱՀ-ն վճարված է: Ուստի, նախագծով առաջարկվում է վերացնել այդ հակասությունը և անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը չդիտարկել որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք:
Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 10 օր անց: