ԿԳՆ-ն ամփոփել է միջպետական համաձայնագրերի շրջանակներում հայտարարված մրցույթների արդյունքները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր  ամփոփվել են   միջպետական համաձայնագրերի շրջանակներում 2016-2017 ուսումնական  տարվա  Չինաստանի, Բուլղարիայի,  Ռումինիայի,  Լեհաստանի,  Վրաստանի և  Հորդանանի  բարձրագույն ուսումնական հաստատություններում  բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով  հայտարարված մրցույթների արդյունքները:

Միջոցառմանը ներկա են եղել երեք կրթական աստիճաններով՝  բակալավրի,  մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերի մրցույթների  համար դիմած և դրական միավորներ ստացած  դիմորդները:

Շնորհավորելով և հաջողություն մաղթելով մրցույթում հաղթած բոլոր դիմորդներին` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նշել է, որ համաձայն կառավարության որոշմամբ հաստատված համապատասխան կարգի՝ միջպետական համաձայնագրով նշված երկրների բուհեր ընդունված արական սեռի ուսանողներին տարկետման իրավունք տրվում է բուհերի վարկանիշավորման համաշխարհային սանդղակներում ընդգրկված առաջին 500 բուհերի սովորողներին, ինչպես նաև պետության կողմից գերակայություն հռչակված ուղղության մասնագիտությունների  համար: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս տարի ևս Չինաստանի բուհերում սովորելու համար արձանագրվել է դիմորդների բարձր մասնակցություն, որը, ըստ Կարինե Հարությունյանի, վկայում է հայ երիտասարդների` Չինաստանի մշակույթին ու քաղաքակրթությանը ծանոթանալու և չինական բուհերում սովորելու մեծ հետաքրքրության և ձգտման մասին: Նախարարի տեղակալի խոսքով` ավելի մեծ թվով դիմորդներ ցանկություն են հայտնել սովորել մագիստրատուրայում, ավելի քիչ` ասպիրանտուրայում:

Կարինե Հարությունյանը նաև  հորդորել է արտերկրում կրթվելու իրավունք ստացած հայ երիտասարդներին հիշել, որ իրենք արտասահմանյան բուհերում ներկայացնելու են Հայաստանի Հանրապետությունը, մեր երկրի կրթական համակարգն ու հայ երիտասարդությանը. “Հորդորում եմ ցուցաբերել բարձր առաջադիմություն և օրինակելի վարք և միշտ հիշել, որ ձեզ հետ շփվող օտարերկրացի ուսանողները Հայաստանը ճանաչելու են ձեզնով, ուստի խնդրում  և պահանջում եմ՝ պատասխանտվությամբ և պատվախնդրությամբ մոտենալ ձեր առաքելությանը: Հորդորում եմ նաև սերտորեն համագործակցել տվյալ երկրում գործող ՀՀ դեսպանատան հետ, դիմել ձեզ հուզող բոլոր հարցերով”,-նշել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալը` միաժամանակ մրցույթին մասնակցած, բայց մրցութային շեմը չհաղթահարած դիմորդներին առաջարկելով մասնակցել ինչպես միջպետական համաձայնագրերով թափուր մնացած տեղերի, այնպես էլ այլ կրթաթոշակային ծրագրերով  նախատեսված մրցույթներին: Կարինե Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ բոլոր ընդունվածների հետ կկնքվի համապատասխան պայմանագիր, համաձայն որի` վերջիններս ուսումնառության ավարտից հետո պարտավոր են վերադառնալ հայրենիք: Բացի այդ, բոլոր այն ուսանողները, ովքեր որևէ պատճառով կիսատ կթողնեն իրենց ուսումն արտերկրում, կզրկվեն իրենց կրթաթոշակային տեղերից, իսկ արական սեռի անձինք` նաև տարկետման իրավունքից:
Հանդիպման  մասնակիցիներն իրենց հուզող հարցերն են ուղղել ԿԳ նախարարի տեղակալին, որոնց  տրվել են սպառիչ  պատասխաններ:
Նշենք, որ այս տարի Չինաստանի բուհերում սովորելու համար հատկացվել է 16 տեղ /10՝ բակալավր, 2` մագիստրոս, 4 ասպիրանտ/,  Բուլղարիայի բուհերում սովորելու համար հատկացվել է 4 տեղ /2՝ բակալավր, 2 մագիստրոս/, Ռումինիա՝ 8  /3 բակալավր, 3 մագիստրոս, 2 ասպիրանտ/, Լեհաստան՝ 6  /2 բակալավր, 2 մագիստրոս, 2 ասպիրանտ/, Վրաստան և  Հորդանան` համապատասխանաբար 10  և  25  մագիստրոսական:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել