Նոր ճանապարհատվածը կբեռնաթափի Երևանի կենտրոնը

Երևանի քաղաքապետարանի և իտալական «Սերենիսիմա Կոստրուցիոնի» ընկերության միջև ստորագրվել է Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը, որն իրականացվելու է Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում:

 Պայմանագիրը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հաղթող ճանաչված ընկերության նախագահ Ալբերտո Բրենտեգանին:
Առանձնակի կարևորելով նոր ճանապարհի կառուցումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն կարևոր դերակատարում կունենա մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափման հարցում:

 «Սերենիսիմա Կոստրուցիոնի» ընկերության նախագահ Ալբերտո Բրենտեգանին, նշելով, որ առաջին անգամ են Երևանում աշխատանքներ իրականացնելու, վստահեցրել է, որ կարվի ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ավարտվեն սահմանված ժամկետներում և որակն էլ գոհացնի բոլորին:
Հարկ է նշել, որ շինարարական պայմանագրի աշխատանքները ներառում են Հրազդան գետի վրայով 257մ երկարությամբ նոր մետաղական կամրջի և մոտ 2,7 կմ երկարությամբ երկկողմանի երթևեկությամբ նոր ճանապարհի կառուցում: Կամրջի տակ տեղադրվելու է ջրի և նավթայուղերի մշտական զատիչ՝ նավթայուղերի հոսքը դեպի գետ կանխելու համար: Նոր ճանապարհն ունենալու է մոտ 24 մ լայնությամբ երթևեկելի հատված՝ 4-6 երթևեկելի գոտիներով: Աշխատանքների տևողությունը՝ 24 ամիս: Կառուցվող նոր ճանապարհահատվածում տեղադրվելու են միջազգային չափորոշիչներին համապատասխան լուսադիոդային (LED) լուսատուներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել