Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց փողերը վերադարձնելու մասին

ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն նախորդ տարվա իր բյուջեն 12 տոկոսով թերակատարել է: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը՝ պատասխանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին:

Պարոն Սարգսյանը կառավարության որոշմանն էր ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2016 թվականի համալիր ծրագիրը հաստատելու մասին նախագիծը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց. «Դուք որ 4 մլրդ 304 մլն պլանավորել եք, բա որ չհավաքագրեք, ի՞նչ եք անելու, կառավարությունից ակնկալիք չունենաք»:

Մարտին Սարգսյանն ասաց, որ այդ ուղղությամբ քննարկումներ իրականացվել են, եթե չհավաքագրեն, ապա առաջնային խնդիրները կկարգավորեն, հետո կանցնեն առաջ. «Եթե գումարները հավաքագրենք, բոլոր ծրագրերը կիրականացնենք»,- նշեց նա:

Իսկ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց. «Հետո մի մոռացեք, որ անցյալ տարվա փողերը վերցրել եք՝ հետ վերադարձնելու պայմանով: Հիշեցնեմ ձեզ էլի, ձեզ վնաս ա, որ հիշեք, բայց ամեն դեպքում»,- ասաց վարչապետն ու հաստատեց կոմիտեի զարգացման 2016 թվականի համալիր ծրագիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել