Մարտի 8-ի երեկոյան Գորիսի «Դիանա» հյուրանոցային համալիրի մոտ Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի և քաղաքացի Արթուր Գևորգյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցեց Արթուր Գևորգյանի փաստաբան Համլետ Դավթյանի հետ: Հիշեցնենք, որ Արթուր Գևորգյանի հանդեպ մեղադրանք է առաջադրվել Քերական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով արարք կատարելու համար, և նրա հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը:
Օրեր առաջ Armlur.am լրատվակայքը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, որ Գորիսի ոստիկնապետն է ծեծի ենթարկում Արթուր Գևորգյանին: Մեզ հետ զրույցում փաստաբան Համլետ Դավթյանը հայտնեց, որ Արթուրն արդեն իսկ ցուցմունք տվել է, իր մեղքը չի ընդունում:
Ինչ վերաբերում է իրեն հասցված մարմնական վնասվածքներին, ապա դատաբժշկական փորձաքննություն նշանակվել է, սակայն եզրակացությունը իրենց դեռևս հայտնի չէ:
Նշենք, որ մեր տեղեկություններով, Արթուրի հանդեպ բռնությունները շարունակվել են նաև ոստիկանության բաժանմունքում, երբ «Դիանա» հյուրանոցային համալիրի մոտից բերման է ենթարկվել: Ոստիկանության բաժանմունքում նրա հանդեպ ֆիզիկական բռնություն է կիրառել նաև մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը:
Փաստաբան Համլետ Դավթյանը հայտնեց, որ Արթուրին հանդիպել է դատարանում, երբ քննվելիս է եղել նրա հանդեպ խափանման միջոցի ընտրության հարցը: Նա տեսել է Արթուրի վնասվածքներից մեկը. «Ինձ մեկը ցույց է տվել՝ լեզուն էր վնասված: Ծնոտին հարվածելու հետևանքով էր վնասվել»:
Փաստաբանը կալանքի որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարան և մարտի 25-ին քննվելու է բողոքը: Նա հույս ունի, որ խափանման միջոցը կվերացվի, քանի որ, նախևառաջ, ընդունվել է իրենց դիմումը, և Գևորգ Ազիզյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են. «Մենք միջնորդեցինք, որպեսզի գոնե նախաքննության ընթացքում ազդեցություն չունենա ինքը»: