Արդարադատության նախարարն ընդունել է Քուվեյթի Պետության իր գործընկերոջը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Քուվեյթի Պետության Արդարադատության և Վակֆերի ու իսլամական հարցերով նախարար Յակուբ ալ Սանէի գլխավորած պատվիրակությանը:

Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա հարաբերությունները՝ ընդգծելով, որ հատկապես արդարադատության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Նախարարը համոզմունք է հայտնել, որ գործընկերոջ՝ Հայաստան կատարած այցից հետո երկու նախարարությունների համագործակցությունը կմտնի որակապես նոր փուլ:

Յակուբ ալ Սանէն շնորհակալություն է հայտնել Արփինե Հովհաննիսյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ, մասնավորապես, իրավական ոլորտում փոխգործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված անելիքներ կան: Այդ առումով նա կարևորել է այցի շրջանակում նախատեսվող համաձայնագրի ստորագրումը՝ ուղղված երկու երկրների միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության տրամադրմանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարն իր գործընկերոջ հետ անդրադարձել է ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներից հետո իրավական ակտերում նախատեսվող փոփոխություններին, Պրոբացիոն ծառայության ներդրմանն ու այլ հարցերի:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի և Քուվեյթի արդարադատության նախարարությունների աշխատակիցները, ինչպես նաև Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն ու ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել