ԱՆ ՔԿՎ-ն պարզաբանումը Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցներում ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ են շրջանառվում, հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանը աջ ստորին վերջույթի միջին մեկ երրորդականի շրջանում առկա ցավերի առկայությամբ ս/թ.-ի փետրվարի 2-ին ենթարկվել է վիրաբույժի խորհրդատվության, որի արդյունքում վերջինիս կողմից առաջարկվել է կատարել ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն՝ ախտորոշումը ճշտելու և համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

Փետրվարի 15-ին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում «Դիագնոստիկա բժշկական միավորում» ԲԲԸ-ում իրականացվել է Վ. Շիրխանյանի ստորին վերջույթների վերոնշյալ հետազոտությունը։

Հաջորդ օրը կալանավորը ենթարկվել է անոթային վիրաբույժի խորհդատվության, ով, հիմք ընդունելով դուպլեքս հետազոտության և հիվանդի զննության արդյունքները, նշանակել է համապատասխան բուժում, ինչից հետո Վ. Շիրխանյանը զննվել է իր կողմից հրավիրած անոթաբան Լևոն Մանուկյանի կողմից, ինչից հետո նշանակվել  է կրկնակի դուպլեքս հետազոտություն:

Փետրվարի 18-ին  Վ. Շիրխանյանը տեղափոխվել է Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան հետազոտություններից հետո ախտորոշվել է «Ձախ ստորին վերջույթի մակերեսային ազդրային, խորանիստ ազդրային, ընդհանուր ազդրային երակների սուր վերել ֆլեբոթրոմբոզ, աջ ստորին վերջույթի խորանիստ երակների հետթրոմբոտիկ փոփոխություններ»:

Կատարվել է վիրահատություն՝ նիտիլոնային կավա-ֆիլտրի տեղադրում աջ լծային երակից:

Փետրվարի 21-ին բժիշկների հերթական մասնագիտական խորհրդակցության արդյունքում որոշվել է, որ Վ. Շիրխանյանը կարող է հետագա դեղորայքային բուժումը ստանալ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում:

Ներկայումս կալանավորված անձ Վ. Շիրխանյանը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո և անհրաժեշտության դեպքում, համապատասխան ցուցման առկայությամբ պայմանավորված` բուժումը կշարունակի ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել