Ազգային ժողովը մարտի 16-ին քննարկել և 102 կողմ ու ոչ մի դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ ու ամբողջապես ընդունել է ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի ներկայացծար օրենքի նախագիծը:
Ըստ ընդունված օրենքի` այսուհետ կարգազանց կհամարվեն նաև այն պատգամավորները, ովքեր գրանցվում կամ քվեարկում են բացակա պատգամավորի փոխարեն: Նախկինում այս դրույթը նախատեսված չէր:
Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրի օրենքն ու իրավական ակտն ուժի մեջ մտնի, կսահմանվի հետևյալը.
Կարգազանց են համարվում այն պատգամավորները կամ Ազգային ժողովի նիստում ներկա անձինք, ովքեր նիստի ընթացքումգրանցվում կամ քվեարկում են բացակա պատգամավորի փոխարեն, աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում Ազգային ժողովինիստը վարողի՝ սույն օրենքից բխող պահանջները կան կատարում են սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ:
Իսկ Կարգազանց պատգամավորի նկատմամբ նիստը վարողը կարող է ձեռնարկել հետևյալ կարգապահական միջոցները՝
ա) զգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով.
բ) խոսափողի անջատում.
գ) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.
դ) հեռացում՝ մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ դահլիճում ներկա լինելուց.
ե) զրկում՝ մինչև 6 օր Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից, բացառությամբ այն օրերի, երբ նիստեր չեն գումարվում: