Արմեն Ղազարյանը հայաստանյան դատարանի առջև է կանգնած ՝ Ռուսաստանում 16 տարի առաջ կատարված հանցագործության համար՝ անձին առևանգման, ավազակության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու դրվագներով:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2000թ. մայիսին Արմեն Ղազարյանը նախնական համաձայնության է եկել Ի. Մոգիլևսկու և քննությամբ չպարզված անձի հետ, և առևանգել են ռուս ամուսիններ Ս. Կրուգլովային և Ե. Տոլստիխին՝ նպատակ ունենալով պարզել, թե որտեղ են պահված նրանց դրամական միջոցները:
Խաբեությամբ նրանց տարել են Դոնի Ռոստովի Կորոլյով փողոցի բնակարաններից մեկը, պահանջել են ասել, թե որտեղ են պահել տունը վաճառելուց ստացած փողերը, ծեծել են նրանց: Տոլստիխը գիտակցությունը կորցրել է, իսկ գիտակցության գալուց հետո չի դիմացել հարվածներին և ասել է, որ գումարը գտնվում է իրենց ծեր բարեկամների տանը և նշել է հասցեն:
Ղազարյանն գնացել է նշված հասցեի բնակարան: Ղազարյանն օգտվել է այն հանգամանքից, որ դուռը բացել է իրեն ծանոթ Կրուգլովը, մտել է բնակարան, սկսել է ծեծել տան բնակիչներին, հետո հափշտակել են Ս. Կրուգլովային պատկանող 6900 ԱՄՆ դոլար գումարը:
Ղազարյանը հափշտակածը տարել է Դոնի Ռոստով Կորոլյովի փողոցու գտնվող բնակարան, որտեղ նրան սպասել են Մոգիլևսկին և քննությամբ չպարզված հանցագործը: Բացահայտելով , որ Ս. Կրուգլովան ստացված հարվածներից մահացել է, Ղազարյանը, Մոգիլևսկին և քննությամբ չպարզված հանցագործը նրա դիակը փաթաթել են կտորի մեջ և այն թողել բնակարանում: Իսկ Տոլստիխին Մոգիլևսկին ստիպողաբար դուրս է բերել բնակարանից և ավտոմեքենայով տարել և «Ֆորտունա» ավտոշուկայի շրջանում բաց է թողել:
Այս դեպքի առթիվ ՌԴ քննչական մարմիններում գործ է հարուցվել և կասեցվել վարույթը՝ մեղադրյալների չգտնվելու հիմքով: Իսկ ահա 2009 թվականին Արմեն Ղազարյանը արդեն Հայաստանում կատարված հանցագործության համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Եվ նրա գտնվելու վայրը հայտնի դառնալուց հետո այս գործը ՌԴ-ից ուղարկվել է Հայաստան՝ պատժի հարցը որոշելու համար:
Ներկայումս գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: