«Բարև Ձեզ, ոստիկանությունի՞ց ա, ես սպանություն եմ կատարել»

2014թ. դեկտեմբեր ամսին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի «1-02» հեռախոսահամարին զանգ է կատարվել, հեռախոսահամարին կատարված ահազանգի ձայնագրառման զննությունները տեղ են գտել դատավճռում, ներկայացնում ենք դրանք.

– Ոստիկանություն:

– Բարև Ձեզ, ոստիկանությունի՞ց ա:

– Այո:

– Ես սպանություն եմ կատարել:

– Ի՞նչ սպանություն: Ո՞ւմ ես սպանել:

– Մարդու սպանություն: Ասենք, սպանությունը ես եմ կատարել, այսինքն եթե ես եմ սպանել, ես գիտեմ, եթե ես որ ասեմ, կարո՞ղ ա մեղմիչ հանգամանք ըլնի, գիտեմ: Ես նախկինում դատված եմ: Ես չէի ուզում, ինքն ա էլի տեղիք տվել, հա դանակով հարձակվել ա վրես, մատս ճղել ա դանակով: Էդ դանակը, ոնց որ ես ասենք պաշտպանվելու համար էդ դանակը ֆռացրել եմ: Ես իրան բռթել եմ, դանակը ձեռից խլել եմ:

Այնուհետև սպանողը ամբողջ մանրամասները պատմել է, նշել է հասցեն, իր անուն-ազգանունը, հեռախոսահամարը:

Սպանողը Արմանը (անունը փոխված է) 2014 թվականի դեկտեմբերի ամսին տեղեկանալով, որ իր ծանոթ Ազատը (անունը փոխված է), պարտքը մարելու նպատակով որպես օգնություն իր տված 1.000 ՀՀ դրամ գումարը նպատակին չի օգտագործել, այլ օղի է գնել, բարկացել է և պարզաբանում ստանալու նպատակով ժամը 02.00-ի սահմաններում միայնակ այցելել է վերջինիս բնակարան: Արդեն բնակարանում նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում Արամը, ձեռքով բռնելով աթոռին նստած Ազատի հագուստից, գցել է գետնին, այնուհետև ձախ ոտքի կրունկի հատվածով մի քանի անգամ հարվածել նրա դեմքին՝ պատճառելով ձախ հոնքի դրսային շրջանի սալջարդ վերք, ձախ վերհոնքային շրջանի քերծվածքներ, ձախ ակնակապճի՝ այտաքունքային շրջանի ընդգրկումով տարածուն արյունազեղում, գանգի թաղի և ստորին ծնոտի ոսկրերի կոտրվածքներ և ապօրինաբար վերջինիս դիտավորությամբ զրկելով կյանքից:

Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Ազատին սպանելու նպատակ չի ունեցել, իրենց միջև ուղղակի վիճաբանություն է առաջացել։

Դատարանը վճռել է Արմանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում` 10 (տասը) տարի ժամկետով:

Նրանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել շուրջ 208 հազար դրամ՝ որպես դատական ծախս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել