Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ուսումնասիրություններ է իրականացնում գովազդային շուկայում՝ բացառելու այնպիսի գովազդների տարածումը, որոնք պարունակում են անհարկի համեմատություններ կամ որակումներ՝ նույն գործունեությանբ զբաղվող այլ տնտեսվարողների հանդեպ:
«Ընկերությունն իրեն հավասար մրցակից չունի ոչ միայն Հայաստանում, այլև՝ ողջ տարածաշրջանում»- եթեր հեռարձակվող այս գովազդի հեղինակը քարերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Հայր և որդի Մարտիրոսյաններ» ընկերությունն է: Օրենքն արգելում է այնպիսի գովազդների պատրաստումը, որը վերաբերում է այլ տնտեսվարողների դիրքի և նրանց արտադրած ապրանքների համեմատություններին: Այլ կերպ ասած, տնտեսվարողը իրավունք ունի իր արտադրանքի վերաբերյալ սպառողին ներկայացնելու հավաստի տեղեկատվություն, սակայն իրավասու չէ նշելու, որ իր արտադրանքն օրինակ՝ «եզակի է», «ամենալավն է», «համար առաջինն է», «նմանը չունի» և այլն: Իր խոսքում ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը տնտեսվարողներին կոչ արեց ապրանքը գովազդելիս լինել զուսպ և խուսափել այլ տնտեսվարողի արտադրանքին վնաս պատճառող որակումներից: Հայտնում է ՏՄՊՊՀ-ի պաշտոնական կայքէջը:
Համաձայն օրենսդրական նոր փոփոխությունների` անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքում տուգանքի չափը հաշվարկվում է տնտեսվարողի տարեկան հասույթի հիման վրա: ՏՄՊՊՀ-ը դիմել է ՊԵԿ՝ ստանալու այդ մասին տեղեկատվությունը:
Աղբյուրը` Իրավաբան. net