Հաճախ անհրաժեշտություն է առաջանում փոխադրել բեռներ, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում:
Նման դեպքերում օրենքը բեռնառաքողի, փոխադրողի համար նախատեսում է որոշակի իրավունքներ և պարտականություններ:
Նման բեռներ փոխադրելիս օրենքը բեռնառաքողին իրավունք է տալիս`
1) արտադրողից պահանջելու ներկայացնել տեղեկատվություն փոխադրման ենթակա վտանգավոր բեռների վերաբերյալ.
2) վտանգավոր բեռները փոխանցելու փոխադրողին` սահմանված կարգով այն փոխադրելու համար.
3) հրաժարվելու փոխադրողի տրամադրած` տվյալ վտանգավոր բեռների փոխադրման համար չնախատեսված ավտոտրանսպորտային միջոցից:
Բեռնառաքողը պարտավոր է`
1) փոխադրողին տրամադրել վտանգավոր բեռները` դրանց ծագման եւ յուրահատկությունների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերով.
2) ապահովել վտանգավոր բեռների նախապատրաստումը փոխադրման համար, դրանք փոխադրողին հանձնել անվտանգ փոխադրումն ապահովող համապատասխան տարաներում, կոնտեյներում, ցիստեռնում կամ փաթեթավորմամբ.
3) իր գործունեության ընթացքում ապահովել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարումը:
Փոխադրողն իրավունք ունի`
1) հրաժարվելու վտանգավոր բեռների փոխադրումից, եթե հայտնաբերում է տվյալ վտանգավոր բեռի փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումներ կամ անհամապատասխանություն.
2) ստանալու հատուցում բեռնառաքողի կամ բեռը ստացողի մեղքով պատճառված վնասի դիմաց:
Փոխադրողը պարտավոր է`
1) փոխադրելու համար ընդունել վտանգավոր բեռները.
2) տրամադրել տվյալ վտանգավոր բեռների փոխադրման համար նախատեսված եւ (կամ) համապատասխան կահավորված uարքին ավտոտրանսպորտային միջոցներ.
3) վտանգավոր բեռները նշանակման վայր հասցնել պայմանագրով նախատեսված ժամկետներում, իuկ այդպիuի ժամկետների բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում.
4) ապահովել վտանգավոր բեռների փոխադրման անվտանգությունը` փոխադրման ընթացքում վթարային իրավիճակների առաջացումը կանխելու, իսկ վթարների դեպքում դրանց հետեւանքները վերացնելու նպատակով.
5) անհրաժեշտության դեպքում փոխադրման ժամանակ ապահովել վտանգավոր բեռների ֆիզիկական պաշտպանությունը, պահպանումը եւ ուղեկցումը.
6) վտանգավոր բեռներ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցը, փոխադրման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները համապատասխանեցնել անվտանգության, սանիտարական օրենսդրության եւ շրջակա միջավայրի պահպանության պահանջներին.
7) իր գործունեության ընթացքում ապահովել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարումը.
8) մշակել եւ սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված համապատասխան մարմին ներկայացնել վտանգավոր բեռների փոխադրման երթուղին: Փոխադրման ամբողջ ընթացքում չշեղվել փոխադրման երթուղուց, պահպանել անվտանգ երթեւեկության պահանջներից բխող կանոնները, անընդհատ հսկողության տակ պահել ավտոտրանսպորտային միջոցի եւ վտանգավոր բեռների վիճակը.
9) բեռնման եւ բեռնաթափման աշխատանքների ժամանակ բեռնող եւ բեռնաթափող անձնակազմին ապահովել անհատական պաշտպանիչ միջոցներով` աշխատանքների ավարտից հետո իրականացնելով դրանց վարակազերծումը կամ ոչնչացումը: Վտանգավոր բեռների փոխադրումից հետո կատարել դատարկ տարայի մաքրում եւ վարակազերծում:
Աղբյուրը` Իրավաբան.net