Հարց: Նոր աշխատանքային պայմանագիր ստորագրելու նպատակով գործատուս պահանջում է, որ ստորագրեմ հիմա գործող պայմանագիրս լուծելու մասին համաձայնագիր, որից հետո կնքենք նոր պայմանագիր: Բայց ես վախենում եմ, որ գործատուս կարող է խուսափել նոր պայմանագիր կնքելուց, իսկ այդ պարագայում ես չեմ կարող պահանջել լուծված պայմանագրի վերականգնում, քանի որ լուծարումը կատարված է լինելու իմ համաձայնությամբ:
Միևնույն ժամանակ, նոր պայմանագրի պայմաններն ինձ հետաքրքրում են և ցանկանում եմ այն կնքել: Ինչպե՞ս կարող եմ վարվել չխաբվելու համար:
Պատասխանում է փաստաբան Արթուր Սուքիասյանը: Հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով կարելի է նոր աշխատանքային պայմանագրում ներառել դրույթ այն մասին, որ նշված պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից ներկայումս գործող աշխատանքային պայմանագրի գործողությունը դադարելու է: Նոր աշխատանքային պայմանագրում նման դրույթ սահմանելը կլուծի ներկայումս գործող պայմանագիրը լուծելու հարցը, միևնույն ժամանակ նշված դրույթը հնարավորություն կտա մինչև նոր պայմանագրի կնքումը չստորագրել գործող աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր: