Կարող է արդյոք գործատուն աշխատողի հետ կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով մի շարք փոփոխություններ են կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում: Իրավաբան.net-ը շարունակում է աշխատողներին իրազեկել ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին:

Ստորև ներկայացնում ենք աշխատանքային պայմանագրի տեսակների մասով ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները: Մասնավորապես ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն.

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է`

1) անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ.

2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսվածներից: Մասնավորապես.

1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն օրենսգրքով կամ օրենքներով այլ բան նախատեսված չէ:

2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ օրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:

3. Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև`

1) ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով.

2) համատեղությամբ աշխատանք կատարողների հետ.

3) սեզոնային աշխատանքներ կատարողների հետ.

4) ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ.

5) ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ.

6) օտարերկրացիների հետ` աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի վավերականության ժամկետով.

7) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող և վաթսուներեք տարին լրացած կամ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող և վաթսունհինգ տարին լրացած անձանց հետ՝ գործատուի կողմից առաջարկվող պաշտոնում կամ աշխատանքում անձի մասնագիտական ունակությունների գնահատման հիման վրա:

Այսպիսով, պետք է եզրակացնել, որ բացի աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսվածներից, այլ դեպքերում գործատուն իրավունք չունի աշխատողի հետ կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, այլ պայմանագիրը պետք  է կնքի անորոշ ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել