Ճանապարհային ոստիկանությունը սեփական նախաձեռնությամբ անվավեր է ճանաչել թվով 27 տուգանքի ակտ: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրեց վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Կարեն Տոնոյանը:
Նա փոխանցեց, որ իր վստահորդը հունիս ամսին պարբերաբար իր բաեկամուհիներից մի տարեց կնոջ է տեղափոխել, կանգառ է կատարել արգելված վայրում, օգնել կնոջը, որ նստի մեքենան և հեռացել: Արդյունքում վարորդը 27 անգամ տուգանվել է նույն խախտումը կատարելու համար: Սկզբում մեկ ակտով վարչական վարույթն իրականացնող մարմնին է նամակ գրել՝ խնդրելով այն բեկանել, սակայն մերժում է ստացել: Այնուհետև դիմել է փաստաբանի.
«Մենք դիմեցինք Ճանապարհային ոստիկանությունը, ուզում էինք տեսագրությունը մոտ 5 րոպեի տևողությամբ, որովհետև նրանք մեզ տրամադրել էին մի քանի վայրկյանոց տեսագրություններ` արգելված վայրում, մենք այդ տեսագրությունն ուզում էինք՝ ապացուցելու՝ ինչի համար է նա կանգառ կատարում: Իսկ նա այդ վայրում կանգնում էր տեղափոխելու համար, կինը գալիս էր, գրկած վիճակով նրան նստացնում էին մեքենան»,- ասաց փաստաբանը:
Նրա փոխանցմամբ՝ հարցումներն ուղարկելուց հետո ՃՈ-ն անվավեր ճանաչեց միանգամից բոլոր ակտերը. «Անգամ ես հայցն էի պատրաստել, որ անվավեր ճանաչվեն ակտերը, բայց ՃՈ-ն արդեն դրանք բեկանեց»,- նշեց նա: