Փետրվարի 19-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովն ամփոփեց 2015 թվականի վիճակագրական տվյալները և քննարկեց ՀՀ դատական համակարգում առկա մի շարք արդի խնդիրներ: Ընդհանուր ժողովը նախագահում էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:
Օրակարգով նախատեսված՝ 2015 թվականի «Տարվա լավագույն դատավոր» և «Տարվա լավագույն դատարան» անվանակարգերում մրցանակների շնորհումն սկսվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ Սահմանադրական փոփոխությունների կենսագործման վերաբերյալ 2016 թվականի փետրվարի 12-ի ելույթի մեջբերմամբ.«Մենք պետք է ձևավորենք ժամանակակից արդյունավետ դատարան, որը կգործի նորացված Սահմանադրության համաձայն և կհամապատասխանի ժամանակակից պատկերացումներին: Մենք նաև պետք է ձերբազատվենք օրենքի և դատարանի հանդեպ կասկածամիտ, երբեմն անգամ քամահրական վերաբերմունքից, որ դարձել է մեր տխուր «ավանդույթը»: Անհրաժեշտ է վերացնել անօրինական ազդեցությունը դատական ակտերի վրա, ինչպիսի գաղափարներով էլ թելադրված լինի այն: Այստեղ էլ մենք առաջընթաց ունենք, բայց ավարտին հասցնել է պետք գործընթացը: Ի վերջո, դատական համակարգը ինքնուրույն կարող է հասկանալ` որն է պետության շահը, և որն է կոռումպացված վարչարարի կամ գործարարի եսասիրական շահը: Անհրաժեշտ է սովորույթի մակարդակի հասցնել հարգանքը քաղաքական մշակույթի հանդեպ, հարգանքը օրինապահության, ուրիշների իրավունքների, այդ թվում` սեփականության իրավունքի հանդեպ: Հենց դատարաններն են հասարակական աջակցության շնորհիվ առաջին հերթին կոչված ազատելու երկիրը կոռուպցիայից: Դա, իհարկե, բարդ խնդիր է: Սակայն լուծելի»:
Այս համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը նշեց, որ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մեխանիզմի կենտրոնական տեղում դատարանն է. մարդիկ իրենց իրավունքների պաշտպանության եղանակներից առավել հաճախ ընտրում են դատական պաշտպանությունը: Ասվածում համոզվելու համար բավական է համեմատել 2014 և 2015 թվականների վիճակագրությունը, որը փաստում է, որ դատարաններում ստացված գործերի թիվն ավելացել է, հետևաբար նաև աճել է դատարանների ծանրաբեռնվածությունը: Դրա հետ մեկտեղ, սակայն, բարձրացել է դատավորների կատարողականը և դատական ակտերի կայունությունը:Մասնավորապես, եթե 2014 թվականին ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացվել էր 123987 գործ, որից ավարտվել էր 84828-ը (68.4%), ապա՝ 2015 թվականին ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացվել է 151655 գործ, որից ավարտվել է 105287-ը (69.4%):
2014 թվականին ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատական ակտերի կայունությունը կազմում էր 97.4%, իսկ 2015 թվականին՝ կայունությունը 97.9% է:
2015 թվականի վիճակագրական տվյալների ամփոփման և քրեական արդարադատության բնագավառի արդի հիմնախնդիրների քննարկման շրջանակներում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովում ելույթ ունեցավ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը: Իր ելույթում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեականպալատի նախագահը նշեց, որ 2015 թվականին քրեական վարույթի շրջանակներում ստացվել է 20768 գործ, որից 4476-ն ըստ էության քրեական գործեր են, 16292-ը՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը և դատական ակտերի կատարմանը վերաբերող միջնորդություններ։ 2014 թվականի համեմատությամբ քրեական գործերի քանակի առումով արձանագրվել է 11,3% աճ (455-ով ավել), իսկ միջնորդությունների քանակի առումով` 5,8% նվազում։
Ստացված 4476 քրեական գործից ավարտվել է 3100-ը կամ 69,2 %-ը։
Ստացված 16292 միջնորդություններից ավարտվել են 15985-ը կամ 98,1 %-ը։
Ընդհանուր առմամբ ավարտվել է 19.085 գործ կամ գործերի 91,9 %-ը։
Իր ելույթում Դավիթ Ավետիսյանն անդրադարձավ նաև կայացված դատական ակտերի որակին՝ նշելով, որ քրեական վարույթի շրջանակներում քննված 19.085 գործերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ներկայացվել 3064 բողոք, որոնցով բողոքարկվել է կայացված դատական ակտերի 14.9%-ը։
Քրեական գործերով բողոքարկվել է 1188 դատական ակտ, որոնցով 1024-ով (շուրջ 86,2 %-ով) վարույթն ավարտվել է։ Բեկանվել է 276 դատական ակտ, որը կազմում է բողոքարկված դատական ակտերի 26,9 %-ը։ Ստացվում է, որ ըստ էության քրեական գործերով բողոքարկված յուրաքանչյուր 4-րդ դատական ակտը բեկանվել է, ինչը մտահոգիչ ցուցանիշ է։
Դատական վերահսկողության վարույթի շրջանակներում բերված 1662 վերաքննիչ բողոքներից բավարարվել է 176-ը կամ 10.6%-ը։
Ընդհանուր առմամբ բողոքարկված 2850 դատական ակտերից բեկանվել են 452-ը (15,8%-ը)։
2015 թվականին գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքների թիվը 2014 թվականի համեմատությամբ գրեթե նույնն է, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին և դատական ակտի կատարման հետ կապված հարցերին վերաբերող դատական ակտերի դեմ բերված բողոքների թիվն աճել է 15%-ով, ինչը նշանակում է, որ մեր քաղաքացիներն իրենց իրավունքները պաշտպանելու համար ավելի հաճախ են դատարան դիմում, ինչը վկայում է դատարանների նկատմամբ դրսևորվող վստահության ավելացման մասին։
2015 թվականի ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում ստացվել է 1455 վճռաբեկ բողոք, որոնցով բողոքարկվել է 1056 դատական ակտ։ 2014 թվականի համեմատությամբ բողոքների քանակն ավելացել է 16,4%-ով, իսկ բողոքարկված դատական ակտերի քանակը` 9,4%-ով։ Բերված բողոքներից վարույթ է ընդունվել 77-ը` նույնքան, որքան 2014 թվականին։ Վարույթ ընդունված բողոքներից միայն 4-ն են մերժվել։ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 8 դատական ակտ բեկանել և օրինական ուժ է տվել առաջին ատյանի դատարանի դատական ակտերին, 37 գործով դատական ակտերը բեկանվել են և գործերն ուղարկվել նոր քննության, իսկ 9 անձի նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում։
Քրեական պալատի նախագահն ընդգծեց, որ քրեական գործերով և միջնորդություններով ընդհանուր կայունությունը կազմում է 97,7%, իսկ բողոքարկված դատական ակտերի կայունությունը՝ 84,4%։
2015 թվականի վիճակագրական տվյալների ամփոփման ևքաղաքացիական ու վարչական արդարադատության բնագավառի արդի հիմնախնդիրների քննարկման շրջանակներում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովում ելույթ ունեցավ ՀՀ վճռաբեկ դատարանիքաղաքացիական և վարչական պալատի նախագահ ԵրվանդԽունդկարյանը: Ընդգծելով, որ 2016 թվականը մեկնարկել է ներպետական կյանքում բավականին լուրջ զարգացումներով, Երվանդ Խունդկարյանը նշեց, որ դրանց անմասն չի կարող մնալ դատական իշխանությունը: Նշված զարգացումները պայմանավորված են 2015 թվականի դեկտեմբերի 6-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխություններով: Ճիշտ է, դատական իշխանության գործունեությանն անմիջականորեն առնչվող` մայր օրենքի 7-րդ գլուխը դեռևս ուժի մեջ չի մտել (ուժի մեջ է մտնելու նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը), այդուհանդերձ, անցումային այս փուլում դատարանները ևս պետք է իրենց օժանդակությունը ցուցաբերեն որակապես նոր պետականության կերտման գործընթացին:Կարևորելով այս հանգամանքը` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը կոչ արեց բոլորինառավելագույն ջանք ու եռանդ ներդնել որակապես նոր արդարադատության համակարգ ձևավորելու համար՝ պահպանելով լավագույն ձեռքբերումներն ու ավանդույթները:
Անդրադառնալով վիճակագրական տվյալներին՝ Երվանդ Խունդկարյանը նշեց, որ 2015 թվականին ստացվել է 117.654 քաղաքացիական գործ, որից վարույթ է ընդունվել 110.989-ը և որոնցով ընդհանուր առմամբ կայացվել է 71.293 վճիռ: 2014 թվականի համեմատությամբ 2015 թվականի ընթացքում քաղաքացիական գործերի թիվն ավելացել է 31.882-ով՝ 37,2%-ով: Ավարտվածության ցուցանիշի առումով ևս աճ ունենք. 2014 թվականի համեմատությամբ 24.465-ով ավել վճիռ է կայացվել (նշված հաշվարկների մեջ ներառված չեն վճարման կարգադրություն արձակելու դիմումները (76.981), սնանկության դիմումները, ինչպես նաև արբիտրաժային դատարանների վճիռները կատարման թույլատրելու մասին դիմումները (մոտ 3.200)): Վերոգրյալի հիման վրա՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը փաստեց, որ քաղաքացիական գործ քննող դատավորներն ահռելի աշխատանք են կատարել:
Անդրադառնալով վարչական գործերին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը նշեց, որ արդարադատության այս ոլորտում գործերի քանակի նվազման միտումը շարունակվում է, որը նշանակում է, որ նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները (մասնավորապես որոշակի կատեգորիայի գործերի քննությունը վարչական դատարանի տիրույթից հանելը) տվել են իրենց դրական արդյունքը: 2014 թվականին ստացվել է 13.233 գործ, որից ավարտվել է 6506-ը: 2014 թվականի համեմատությամբ վարչական գործերի թիվը նվազել է 3.664-ով՝ 21,7 %-ով: Սակայն վարչական գործերով նվազում առկա է նաև ավարտվածության առումով: Եթե 2014 թվականին ավարտվել է 10.747 գործ, ապա 2015 թվականին ընդամենը՝ 6506 գործ, այսինքն՝ կայացված վճիռների թիվը նվազել է 4.241-ով: Ավարտվածության միջին ցուցանիշը վարչական գործերով մեկ դատավորի պարագայում կազմում է 317 գործ, այն պարագայում, երբ քաղաքացիական գործերով Երևան քաղաքում այդ ցուցանիշը 885-ն է, իսկ մարզերում՝ 863-ը:
Անդրադառնալով ՀՀ վերաքննիչ դատարանների ցուցանիշներին՝ Երվանդ Խունդկարյանը նշեց, որ 2015 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ստացված 4407 գործերով կայացված դատական ակտերից բեկանել է 1132-ը (25,7%), այսինքն՝ յուրաքանչյուր 4-րդ դատական ակտը, իսկ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը ստացված 2321 գործերով կայացված դատական ակտերից բեկանել է 502-ը (21,6%), այսինքն` յուրաքանչյուր 5-րդ դատական ակտը:
Հաստատելով, որ քաղաքացիների գերակշիռ մասը, վեճերի լուծման այլընտրանքային մարմինների ձևավորման և գործունեության պայմաններում, շարունակում է պաշտպանություն ակնկալել դատական ատյաններում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը նշեց, որ փոփոխված մայր օրենքը ևս որպես անձի հիմնարար իրավունքներ նախատեսել է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը և արդար դատաքննության իրավունքը: Դատական պաշտպանության արդյունավետությունը ենթադրում է գործերի քննության ողջամիտ ժամկետի ապահովում, օրինական և հիմնավորված դատական ակտերի կայացում:
Անձի դատական պաշտպանության իրավունքն անմիջականորեն իրացվում է արդար դատաքննության միջոցով, որպիսի սահմանադրական իրավունքի խախտումը «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»21.12.2015 թվականին ընդունված և 01.01.2016 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-184-Ն օրենքով ներկայումս հիմք է անձին պատճառված ոչ նյութական վնասի գանձման համար, որը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության կողմից: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը, հատուցելով վնասը, հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում համապատասխան իրավունքը խախտած պաշտոնատար անձի նկատմամբ: Նման օրենսդրական կարգավորումը ևս մեկ անգամ ընդգծում է արդար դատաքննության իրավունքի կարևորությունը և անշուշտ ուղղված է լրացնելու մեր երկրում ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգը՝ այն համահունչ դարձնելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջներին: Հետևաբար, իրավակիրառ պրակտիկայում դատարանները պետք է համապատասխան դատավարական ընթացակարգերով երաշխավորեն արդար դատաքննության իրավունքի իրացումը, զերծ մնան այդ իրավունքի այս կամ այն խախտումից, իսկ օրենսդրական երկիմաստ մեկնաբանությունների կամ անհրաժեշտ կարգավորումների բացակայության պայմաններում հաշվի առնեն մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան, որպիսի ուղղակի պահանջ սահմանված է նաև փոփոխված Սահմանադրության 81-րդ հոդվածում:
«Ոչ նյութական վնասի ներդրումը ՀՀ օրենսդրական համակարգ որքան էլ որ առաջընթաց քայլ է, այն անխուսափելիորեն հանգեցնելու է քաղաքացիական գործեր քննող դատարանների ծանրաբեռնվածության աճին՝ հատկապես վերջին օրենսդրական փոփոխության պայմաններում, երբ ընդլայնվել է այն իրավունքների շրջանակը, որոնց խախտման դեպքում անձը կարող է ակնկալել ոչ նյութական վնասի հատուցում»,- ամփոփեց իր ելույթը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը: Պալատի նախագահն անդրադարձ կատարեց նաև պետական տուրքի, փորձագիտական ծառայության վճարների և փաստաբանների ողջամիտ ծախսերի գանձման, վարչական գործերով հայցի ապահովման կիրառման, սնանկության վարույթում մորատորիում կիրառելու վերաբերյալ պարտատիրոջ դիմումին ընթացք տալու իրավական հետևանքների, օտարերկրյա պետությունների դատական ակտերի ճանաչման և դրանք կատարման թույլատրելու մասին դատական ակտերի բողոքարկման իրավական հնարավորության հարցերին:
Այս մասին տեղեկանում ենք դատական դեպարտամենտից: