Նախաքննական մարմինը 26-ամյա Կ. Ե.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թ.-ին հաղորդում է տվել, թե իր ծանոթ ոմն Արմենը Երևանում բռնաբարել է:
Դատարանում նշվել է, որ Կ.Ե.-ն յոթ տարեկան հասակում գլխուղեղի նորագոյացության հետ կապված տարել է ուղեղի կաթված, ինչի կապակցությամբ գլխի վիրահատության է ենթարկվել, որից հետո զարգացումը հապաղումով է ընթացել, առաջացել է աջակողմյան հեմիպարեզ, սահմանվել է 3-րդ կարգի հաշմանդամության աստիճան և հաշվառվել է հոգեբուժական կաբինետում:
Նման պայմաններում Կարինե Եղյանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է տվել: Նրա վերաբերյալ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Կ.Ե.-ի մոտ մարմնական վնասվածքներին բնորոշ օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:
Կ.Ե.-ն նախաքննության ժամանակ որպես վկա և որպես մեղադրյալ ցուցմունք է տվել այն մասին, որ հանդիսանում է 3-րդ կարգի հաշմանդամ և հոգեկան հիվանդություն ունի, որի համար հաշվառման մեջ է գտնվում հոգեբուժական կաբինետում: 2014թ. հունիս ամսին Երևան քաղաքում՝ «Օպերայի» մոտ պատահական ծանոթացել է ոմն Արմենի հետ, ով բնակվել է` Երևան քաղաքի Զեյթուն համայնքում: Ծանոթությունից հետո, մոտ 5-6 անգամ հանդիպել է ոմն Արմենին և նշված տանը իր և ոմն Արմենի միջև իր կամքով սեռական հարաբերություն է տեղի ունեցել, քանի որ Արմենն իրեն խոստացել է ամուսնանալ իր հետ, սակայն չի ամուսնացել: Դրանից հետո Արմենի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չի ունեցել և վերջինիս կողմից իրեն խաբելու համար որոշել է վատություն անել նրան, որի համար 2014թ. օգոստոս ամսին ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, թե իբր ոմն Արմենն իրեն բռնաբարել է:
Կ.Ե.-ի մայրը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ մինչև երիտասարդ աղջկա կողմից իրեն բռնաբարելու վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում տալը, դրանից ամիսներ առաջ, սովորականի նման նրան տարել է բուժզննման, որի ժամանակ բժիշկն իրեն հայտնել է, որ Կ.Ե.-մ կույս չէ: Նախկինում կասկածել է, քանի որ նա շփվել է տարբեր անծանոթ տղաների հետ: Ոմն Արմենի հետ տեղի ունեցած սեռական հարաբերության մասին տեղեկացել է Կ.Ե.-ից, վերջինս իրեն հայտնել է, որ Արմենի հետ մի քանի անգամ իր կամքով սեռական հարաբերություն է ունեցել: Կ.Ե.-մ միաժամանակ իրեն հայտնել է, որ իրականում Արմենն իրեն չի բռնաբարել, որ ոստիկանությունում նման հաղրդում է տվել, քանի որ Արմենն իրեն խաբել է, ասելով որ կամուսնանա իր հետ, բայց քանի որ չի ամուսնացել, ցանկացել է, որ վերջինս հայտնվի ոստիկանությունում:
ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում դատարանի որոշմամբ հարկադիր բուժում կարող է նշանակվել, եթե անձի հոգեկան խանգարման վիճակը պահանջում է բուժում, խնամքի և հսկողության այնպիսի պայմաններ, որոնք կարող են իրականացվել միայն հիվանդանոցային ձևով:
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշել է Կ.Ե.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքն անմեղսունակության վիճակում կատարելու համար ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից:
Նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, նշանակելով արտահիվանդանոցային հարկադիր բուժում` տարածքային հոգեբույժի հսկողության պայմաններում: