Վարորդին տուգանել էին կանգառի կանոնները խախտելու համար. նա հաղթեց ՃՈ-ին

Հայկ Կարապետյանը դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է վերացնել ՃՈ-ի` տուգանքի որոշումը։

Նա հայտնել է, որ 2015 թվականի ապրիլի 1-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից ստացել է 2015 թվականի մարտի 24-ի վարչական տույժ նշանակելու մասին որոշումը, որտեղ նշված է, որ ինքը ք.Երևան, Սայաթ-Նովա/Տերյան փողոցների խաչմերուկի հատվածում խախտել է կանգառ կատարելու կանոնները, որը նախատեսված է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի քսանմեկերորդ մասով։ Որոշման համաձայն` տուգանվել է 5.000 ՀՀ դրամով։

Հայտնել է, որ համաձայն չէ որոշման հետ, գտել է, որ այն ընդունվել է օրենքի խախտմամբ և ենթակա է վերացման` հետևյալ պատճառաբանությամբ.

Որոշման մեջ նշված է, որ խախտել է կանգառ կատարելու կանոնները, սակայն նշված ձևակերպումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ որոշման մեջ նշված վայրում և ժամին կանգառ չի կատարել, այլ կայանել է ավտոմեքենան։ Ընդ որում, կանգառն ու կայանումը չեն կարող նույնանալ, քանի որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում առկա են այդ երկու հասկացությունների մեկնաբանությունը, որոնց համաձայն` դրանք իրարից տարբերվող գործողություններ են։ Մասնավորապես, վերը նշված օրենքի 2-րդ հոդվածի համաձայն`

  • կանգառը մինչև 5 րոպե կամ ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելն է,
  • կայանումը 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելն է, բացառությամբ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու, ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի։

Ըստ հայցվորի` նշվածից պարզ է դառնում, որ վարչական վարույթ իրականացնողները չեն կատարել գործի մանրակրկիտ ուսումնասիրություն, այլ միայն ուսումնասիրել են ընդամենը 27 վայրկյան տևողությամբ տեսաձայնագրությունը, որի արդյունքում կայացրել են որոշում։ Ընդ որում, նշված տեսաձայնագրությունից պարզ չէ, թե երբ է ավտոմեքենան կատարել կայանում, ինչ տևողությամբ, միգուցե ավտոմեքենայի վրա միացվել են համապատասխան լուսային ազդանշանները, առկա են «հարկադիր կանգառ»-ի պայմանները և այլ հանգամանքներ, որոնք կփոխեին կայացվող որոշումը։

Դատարանը եզրահանգել է, որ տվյալ դեպքում, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի որոշման մեջ չի նշվել, թե տրանսպորտային միջոցի վարորդը կանգառ կատարելու մասնավորապես որ կանոնը կամ կանոններն է խախտել, այսինքն` վարչական ակտի պարտադիր հիմնավորում պարունակելու` օրենսդրի կողմից սահմանված պահանջը վարչական մարմնի (պաշտոնատար անձի) կողմից խախտվել է։

Ի վերջո դատարանը վճռել է Հայկ Կարապետյանի հայցը բավարարել և անվավեր ճանաչել տուգանքի որոշումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել