Երկու զինծառայող է մահացել. հարուցվել է քրեական գործ

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու զինծառայողի մահվան դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, N զորամասի 3-րդ ջոկի գնդացրորդ, շարքային Թ.Սլոյանը, նույն զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված գնդացրից կրակել է նույն ջոկի հրամանատար, մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Կամո Հովհաննիսյանի դեմքի շրջանին։ Ստացած վնասվածքից Կ.Հովհաննիսյանը տեղում մահացել է, որից հետո շարքային Սլոյանը ինքն իրեն գլխի շրջանում պատճառել է հրազենային մահացու վիրավորում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթները պարզելու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել