ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 22-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։
Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Առափի գյուղի վարչական տարածքում չգործող ռեստորանի բակի դարպասի դիմաց գտնվող հատվածում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, առերևույթ հանցագործություն կատարած անձը դանակով կտրել է 22-ամյա երիտասարդի աջ ականջը՝ պատճառելով աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատման և պարանոցի կտրած վերքի ձևով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում 2016 թվականի փետրվարի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Զննվել է դեպքի վայրը, որտեղից հայտնաբերվել ու վերցվել է արնանման հետքի 4 նմուշ:
Մարմնական վնասվածք ստացած անձը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Շիրակի մարզի բնակիչ է, 23 տարեկան։ Վերջինս ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով փետրվարի 16-ին ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։ Այս մասին հաղորդում են Քննչական կոմիտեից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: