ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը պարտադրում է Չինաստանին ազատ արձակել իրավաբաններին

Այսօր ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը պարտադրել է Չինաստանին ազատ արձակել հուլիս ամսից ի վեր բանտարկված իրավաբաններին՝ ներառյալ անցած ամիս ձերբակալված 15 անձանց: Նա նաև իր մտահոգությունն է արտահայտել Հոնգ Կոնգում անհայտ կորած գրավաճառների առնչությամբ ու հորդորել է Պեկինի իշխանություններին ապահովել «արդարացի և թափանցիկ ընթացակարգ» նրանց գործերով և թույլատրել ընտանիքի անդամների և իրավաբանների այցելությունը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

«Չինաստանում իրավիճակը շատ մտահոգիչ է և լուրջ հետևանք կարող է ունենալ քաղաքացիական հասարակության և ողջ երկրում կատարվող լուրջ աշխատանքների վրա»,- հայտարարել է Զեիդը հավելելով, որ հասարակական կազմակերպությունների մասին Չինաստանի նոր օրենքի նախագիծը խոչընդոտելու է խոսքի ազատությանն ու հավաքներին: Նա նաև նշել է, որ մարդու իրավունքների հարցերով իրավաբանները չպետք է ենթարկվեն հետապնդումների կամ այլ տեսակի սահմանափակումների իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար և ևս մեկ անգամ կոչ է արել Չինաստանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել բոլորին:

Ինչպես հայտնի է Չինաստանում 250 մարդու իրավապաշտպաններ, իրավախորհրդատուներ և ակտիվիստներ են ձերբակալվել անցած տարվա հուլիսին սկսված հետապնդումից ի վեր: Բացի այդ, անցած ամսվա ընթացքում 15 իրավաբան է ձերբակալվել, որոնցից 10-ին մեղադրում են «պետական իշխանության տապալմանը ուղղված» գործունեության մեջ, որի համար 15 տարվա կամ ցմահ ազատազրկում է նախատեսված: Զեիդի խոսնակն էլ տեղեկացրել է, որ Չինաստանի իշխանությունները պատասխան նամակ են ուղարկել տեղեկացնելով, որ բոլոր ձերբակալվածները մեղադրվում են հանցավոր գործունեության մեջ, սակայն պատասխանը չի անդրադառնում բուն խնդրին: Ի պատասխան Հոնգ Կոնգի ոստիկանությանը ուղարկված նամակի, Չինաստանի ոստիկանությունը հաստատել է, որ անհայտ կորած 5 գրավաճառներից 3-ը հետախուզման մեջ են գտնվում՝ անօրինական գործունեություն ծավալելու համար:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել