«News.am» լրատվական կայքում 16.02.2016 թ. զետեղված «15-ամյա Մաթեւոսը փողոցում անձեռոցիկ է վաճառում. հատուկ դպրոցի տնօրենը դիմել է թաղապետին եւ ոստիկաններին» հրապարակման առնչությամբ տեղեկացնում ենք, որ հիշատակված 15-ամյա Մաթևոսը դեռևս 07.10.2013 թ.-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում վերցվել է պրոֆիլակտիկ քարտային հաշվառման։ Հաշվառման մեջ գտնվելու ընթացքում նրա հետ տարվել են պրոֆիլակտիկ տարաբնույթ աշխատանքներ։ 18.03.2014 թ.-ից քարտային հաշվառումը շարունակվել է ոստիկանության Էրեբունու բաժնում, քանի որ տղան ընդունվել է թիվ 1 հատուկ կրթահամալիր։
19.11.2015 թ. ոստիկանության Նոր Նորքի բաժին թիվ 1 հատուկ կրթահամալիրից գրություն է ստացվել, որ հոկտեմբերի 28-ին Մաթևոսը գնացել է տուն, չի վերադարձել և չի պատասխանում հեռախոսազանգերին։ Նշվածի վերաբերյալ նրա մայրը ոստիկանության Նոր Նորքի բաժնում իր բացատրությամբ հայտնել է, որ ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, հնարավորություն չունի այցելելու որդուն՝ նշված կրթահամալիր, և ցանկացել է, որ վերջինս հաճախի իրենց բնակության վայրին մոտ ուսումնական հաստատություն, գտնվի իր հսկողության տակ, քանի որ նրա վարքում առկա են դրական փոփոխություններ։ Նշվածի վերաբերյալ գրավոր տեղեկացվել է թիվ 1 հատուկ կրթահամալիր։
11.02.2016 թ. ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ Մաթևոսը 29.01.2016 թ. ժամը 19-ին Երևանի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից անձեռոցիկ վաճառելու համար ներկայացվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Նրա մայրը հրավիրվել է ոստիկանության բաժին, որտեղ պարտավորվել է լինել ավելի հետևողական, իսկ անչափահասի հետ անցկացվել է պրոֆիլակտիկ բնույթի զրույց։
15.02.2016 թ. Մաթևոսին աջակցություն ցուցաբերելու նպատակով ոստիկանության Նոր Նորքի բաժնից գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին։