Եթե Ձեր կոսմետիկ պարագաների մեջ առկա է «պարաբեն» բառը, ապա մի օգտագործեք: Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանի խոսքով` կորեացի գործընկերների խորհրդով իրականացրել են այդ մոնիթորինգը: «Պարաբեն» անվամբ կոնսերվանտն առկա է Հայաստան ներմուծվող մի շարք կոսմետիկ պարագաներում: Այն կարող է առաջացնել է ալերգիա, դերմատիտ, ըստ կորեացիների ուսումնասիրությունների` նաև մաշկի քաղցկեղ:
«Մեր հարցումը սերտիֆիկացման մարմիններին ցույց տվեց` 50 տոկոսով պակասել է կոսմետիկ միջոցների սերտիֆիկացումը: Հենց այդքանով էլ մենք ավելի ենք վտանգված»,- նշում է տիկին Արիստակեսյանը:
2005 թվականին ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված նվանացանկում ներառված են 400-ի հասնող նյութեր, որոք վտանգավոր են մարդու առողջության համար: Լաբորատորիաների կողմից դրանցից հայտնաբերելու դեպքում` ապրանքը սերտիֆիկատ չի ստանում: Ըստ մասնագետի` պարաբենային միացությունները
մտած չեն այդ ցանկի մեջ: «Առողջապահության նախարարությունը պետք է հասկանա, որ 2005 թվականից բիզնեսը շատ արագ զարգացել է, քիմիական տարբեր նոր նյութեր են մտել, բայց ցանկը դեռ չի ավելացել»,- ասում է Միլետա Արիստակեսյանը:
Ըստ նրա` ճանաչված ֆիրմաների կոսմետիկ միջոցները սերտիֆիկացվում են, փոքր քանակով Հայաստան ներմուծվողը` ոչ: Ապրանքը խանութ պետք է մտնի սերտիֆիկացված, բայց այստեղ կարևոր է նաև սպառողի սերտիֆիկատ պահանջելը:
«Ոչ պարենային ապրանքների վերաբերյալ կա տեխնիկական կանոնակարգ, որը ՀՀ կառավարության փաստաթուղթն է: Այն սահմանում է, թե ո՞ր ապրանքները պետք է ունենան սերտիֆիկատ: Եթե մեր սպառողն ավելի պահանջկոտ դառնա, ապա ապրանք ներկրողն այլ տարբերակ չի ունենա, քան սերտիֆիկացնել ապրանքը »,-նշում է ապրանքի որակի
փորձագետ Միլետա Արիստակեսյանը:
Iravaban.net-ի հարցին` ավելի ճիշտ չի լինի˚ ապրանքների պատշաճ որակի վերահսկողությունն իրականացնել այնպես, որ սպառողը գնում կատարելիս չմտածի` իրեն կարող են խաբել: Ոչ թե հորդորել սպառողին չգնել առանց սերտիֆիկատի ապրանք, այլ թույլ չտալ նման ապրանքների մուտքը վաճառակետեր, Արիսատեսյանն ասաց. «Դե, իհա’րկե, բայց պատկերացրեք դա աշխատանք է, որը շատ դեպքերում անում են, շատ դեպքերում` ոչ»:
Ոչ պարենային ապրանքներից լվացքանյութերը, խաղալիքները ևս մեծ վտանգ կարող են ներկայացնել: Երբ լվացող, մաքրող նյութերը շատ լավ են օգնում, հնարավոր է դրանցում գերազանցված լինեն քիմիական միացությունների թույլատրելի սահմանը: Խորհուրդ` նման նյութերի հետ առնչվելիս օգտագործեք ձեռնոցներ:
Նունե Հովսեփյան